Շիրակի մարզում այս տարի տեղացած կարկուտն ու երաշտը փչացրեցին կարտոֆիլը դեռ ծաղկման փուլում: Այս օրերին վնասված եւ սակավ բերքն արդեն հողից հանվել եւ մաքրվում է մարզի մի շարք գյուղերում: Մեր այցելության պահին Մարմաշեն համայնքում եւս կարտոֆիլն արդեն հողից հանվել էր, եւ գյուղացիները շտապում էին մաքրել կարտոֆիլի պալարները, որպեսզի բերքը տուն հասցնեն, քանի դեռ անձրեւները չեն փչացրել այն:
«Բերքն այս տարի շատ վատ է. մանրերն ու հոտածները շատ են, տարեց տարի հողը հոգնում է, բերքատվությունն էլ՝ նվազում: Եթե նախկինում 5000 մետրից 20-25 տոննա կարտոֆիլ էինք ստանում, այս տարի 5-6 տոննան չի գերազանցում»,- ափսոսանքով նշեցին գյուղացիները:
Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այս տարի գյուղացին կարտոֆիլի մշակման եղանակը հնարավորինս պահպանում է. ժամանակին ջրում է, պարարտացնում, մշակում, ինչպես հարկն է, բայց արդյունք չկա: Գյուղացիների խոսքերով՝ իրենց հաջողվում է մի կերպ լուծել ոռոգման ջրի խնդիրը, փոխարենը զգալի թանկ են ազոտական պարարտանյութերն ու թունաքիմիկատները:
Կարտոֆիլը քանդելու համար տեխնիկայից բացի գյուղացիներն օգտագործում են նաեւ ավանդական բահը, հատկապես՝ տնամերձ հողամասերում, որտեղ տեխնիկան չի կարող մտնել: Այստեղ բերքը համեմատաբար ավելի լավ է, քան դաշտում: Սակայն միեւնույն է՝ երկու դեպքում էլ այս տարի վնասը գերակշռում է: Գյուղացիների խոսքերով՝ անցած տարի կարտոֆիլի լճացում կար, անգամ անասուններն էին ուտելուց հագեցել:
Մինչդեռ այս տարի բերքի սակավության արդյունքում կարտոֆիլը թանկ կլինի: Հենց դաշտից՝ մեր աչքի առաջ, վերավաճառողներն արդեն կարտոֆիլը գնում էին մեկ կիլոգրամը 150 դրամով, հասցնելով վաճառակետ՝ բնականաբար նոր գին են սահմանելու:
Գյումրիի շուկայում կարտոֆիլն արդեն արժեր 250 դրամ: Վաճառողների կողմից գնի՝ 20-ից 30 դրամ իջեցման առաջարկներ եղան՝ պայմանով, որ չենք ջոկելու եւ շատ ենք գնելու:
«Հիմա չգնեցիք, մի փոքր ուշ ավելի թանկ՝ 350-400 դրամով եք գնելու, ձմռանն էլ 800-ից ոչ պակաս»,-չգիտես՝ պարզապես «վախեցրին», թե խորհուրդ տվեցին վերավաճառողները:
Արևիկ Հակոբյան
Գյումրի