Կեղծ հայրենասիրական երգերը շատացել են. Ա. Բայաթյան (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է«Արձագանք» խմբի ակունքներում կանգնած երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:

27479-472x265

-Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին համայն հայությունը տոնում էր Երեւանի ծննդյան 2796-ամյակը: «Արձագանք»-ի հայտնի «Ծնունդդ շնորհավոր» երգն այնքան սիրելի է եւ նաեւ՝ այդ օրվան համահունչ: Այն, սակայն, չհնչեց…Վերջին շրջանում Ձեր երգերը նման մեծամասշտապ միջոցառումներին չեն հնչում: Ո՞րն է պատճառը:

-Ո՛չ, չհնչեց, ես հրավիրյալների շարքում չկայի: Իրականում ցանկությունս մեծ է նման միջոցառումներին մասնակցելու, բայց կազմակերպիչները հավանաբար գտնում են, որ մեր ներկայությունն այդպիսի միջոցառումներում պարտադիր չէ: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց այդպես է: Երեւի ավելի հարմար թեկնածուներ կան իրենց տեսադաշտում:

231787591392447965

-Պարո՛ն Բայաթյան, շարունակո՞ւմ եք երգեր հեղինակել:

-Պետք է մի շատ կարեւոր բան ասեմ: Հազարավոր երգեր գրելու անհրաժեշտություն չկա. պահը եթե հասունանա, ստեղծագործող մարդը կստեղծագործի: Հարկավոր չէ պարզապես երգեր գրել՝ քանակ ապահովելու համար, պիտի այդ ստեղծագործությունը հոգեվիճակ բնութագրի, մարդու ներաշխարհն արտացոլի, հոգուց բխի: Հիմա այնքան շատ են ձեւականությունները, որ նույնիսկ երբեմն այդ ամենը նողկալի է դառնում: Հնչում են «ճոռոմ» հայրենասիրական կատարումներ, բոլորը գովերգում են քաղաքամայր Երեւանը, կեղծ երեւանասիրությամբ են ուզում վարակել մարդկանց…Այդպիսի երգերը ժամանակավոր են: Ունկնդիրների որոշակի հատվածի երաժշտական նախասիրությունները բավարարում են եւ շատ արագ սպառում իրենց:

Ես շարունակում եմ ստեղծագործել, բայց նորից եմ ասում` քանակ ապահովելու համար չէ:

thumbnail

-Այլ կատարողների վստահո՞ւմ եք Ձեր երգերը:

-Սովորությանս համաձայն` իմ երգերը ես եմ երգում: Եթե որեւէ մեկը իմ երգերը կատարելու ցանկություն ունենա, խնդիր չի լինի, պարզապես մի բանի վրա եմ ուզում շեշտը դնել. երբ ես ստեղծագործում եմ, այդ երգի տեքստն ու երաժշտությունն իրենց նախապատմությունն են ունենում, այսինքն` հոգեվիճակս հասունացած է լինում: Նաեւ գիտեմ` ինչի համար եմ գրել, ինչի մասին է այն: Իմ «Ծիծեռնակ» երգը կատարվել է ուրիշների կողմից, բայց որպես կանոն՝ ես եմ իմ հեղինակած երգերը կատարում:

thumbnail (1)

-Բացի համացանցի հնարավորություններն օգտագործելուց Ձեր երկրպագուներն ուրիշ ի՞նչ ճանապարհով կարող են Ձեր երգերն ունկնդրել:

-Հեռուստատեսությամբ քիչ են հանչում իմ երգերը: Պատճառներից մեկն էլ այն է, որ շատ տեսահոլովակներ չունենք նկարահանած: Բայց տեսահոլովակների փոխարեն ունենք համերգների տեսաձայնագրություններ, որոնք շատ քիչ են ցուցադրվում: Ի՞նչ ասեմ: Հավանաբար հեռուստաընկերությունների խմբագիրները նպատակահարմար չեն գտնում իմ երգերը եթեր հեռարձակել, կամ էլ փողային տարբերակն է գործում. ումից փող են վերցնում, նրա երգերն էլ եթեր են հեռարձակում: Մի շարք համերգներ ենք ունեցել Գյումրիում, Երևանում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ում, բայց այդ համերգներից եւ ոչ մեկի ցուցադրումը եթերում չեմ տեսել: Հավանաբար իրենց արխիվում կունենան, բայց թե ե՞րբ կցուցադրեն, չեմ կարող ասել:

a8t

-Առաջիկայում համերգներով հանդես կգա՞ք:

-Այս տարվա համար պլանավորում ենք, անկեղծ ասած: Նոյեմբերին հնարավոր է համերգ ունենանք: Եթե ֆինանսական խոչընդոտները կարողանանք հաղթահարել, երաժշտության պակասի խնդիր չի լինի հաստատ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ




Լրահոս