Ինչպես հայտնի է՝ փոքր եւ միջին ձեռներեցները բողոքում են իրենց ողջ շրջանառությունը պարտադիր փաստաթղթավորելու դեմ, ինչը բխում է «Շրջանառության հարկի մասի» օրենքի` հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունից: Ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, օրենքի նշված պահանջի կիրառումը կհանգեցնի հազարավոր տնտեսավարողների փակմանը, քանի որ խոշոր ընկերությունները, որոնք հիմնական ապրանքներ ներկրողներն են, հաշիվ ապրանքագրեր չեն տրամադրում:
Հայաստանի իշխանությունները ՓՄՁ-ներին կոչ են անում ասել այն ընկերությունների անունները, որոնք փաստաթուղթ չեն տրամադրում: Սակայն անուններ, գոնե հրապարակային, չեն հնչում: Արդյունքում՝ ՓՄՁ-ների բողոքը թվում է, թե անհեթեթ է, որովհետեւ ստացվում է, որ նրանք ցանկանում են ստվերային գործունեություն ծավալելու իրավունք ստանալ, որպեսզի իրենց նեղություն չտան եւ օրինախախտ խոշորների անունները պատկան մարմիններին չհայտնեն: Ասենք եվրոպացի փորձագետները, որոնց երկրներում տնտեսավարման պարտադիր փաստաթղթավորումը վաղուց պատմական իրողություն է, եթե ծանոթ չլինեն հայ իրականությանը, ապա հենց այդպես էլ կկարծեն, որ ՓՄՁ-ները ստվերային շրջանառություն ունենալու համար են պայքարում:
Հայտնի է, որ ՀՀ իշխանություններն անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով հայտարարեցին, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը ոչ թե ՓՄՁ-ների, այլ խոշորների դեմ է: Աբրահամյանն առաջարկեց փաստաթուղթ չտրամադրող խոշոր ձեռնարկությունների տվյալները ներկայացնել ֆինանսների նախարարությանը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն: Թվում է, թե հիմնավոր տեսակետ է: Սակայն ՓՄՁ-ներին այն չբավարարեց: Նրանք շարունակեցին բողոքել այնքան, մինչեւ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է փոփոխություն կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում:
Տնտեսավարման պարտադիր փաստաթղթավորման պահանջի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, ընկերություններն իրենց մոտ առկա մնացորդը 10 օրյա ժամկետում պետք է գույքագրեին եւ ներկայացնեին հարկային մարմիններին: Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հաստատել եւ ԱԺ-ին է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է մնացորդի գույքագրման պահանջը հետաձգել մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը: Կառավարության այս քայլից հետո բողոքները սահուն կերպով մարեցին: ՓՄՁ-ների ներկայացուցիչները, չնայած հրապարակային չեն խոսում, բայց հույս ունեն, որ կառավարության խոստացած փոփոխությունից հետո իրենք կշարունակեն առանց փաստաթղթի ապրանքներ ձեռք բերել եւ իրացնել, անհրաժեշտության դեպքում էլ հարկայինին կներկայացնեն, թե իբր իրենց մնացորդն են իրացնում: Եթե ձեռներեցներն այդ ճանապարհով գնան, ապա հարկայինին օրինական հիմք կտան՝ իրենց տուժ-տուգանքների ենթարկելու համար:
Այսպիսով՝ ինչո՞ւ ՓՄՁ-ները չեն հավատում ՀՀ կառավարությանը, ի վերջո, վերջինս է հեղինակել «Շրջանառության հարկի մասին» օրենքի՝ այդքան աղմուկ հանած փոփոխությունը: Մարդիկ դեմքի լուրջ հայացքով իրենց պաշտոնի բարձունքից հայտարարում են, որ նպատակը խոշոր ընկերությունների ստվերի դեմ պայքարելն է, բայց ՓՄՁ-ները չեն հավատում ու չեն հավատում:
Դե, ինչպե՞ս կրպակավարը կամ տոնավաճառի առեւտրականը հավատա կառավարությանը, երբ գիտի, որ խոշոր ընկերությունները պատկանում են նույն այն մարդկանց (կամ նրանց հարազատներին), ովքեր խոստանում են այդ խոշորների դեմ պայքարել: Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե իրենք ցանկանում են խոշորների ստվերի դեմ պայքարել, նույնն է, թե նա վեր կենար ու ասեր, որ պատրաստվում է «խարակիրի» անել: Քիչ է մնում՝ Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարի, որ ինքը պատրաստվում է մենաշնորհների դեմ պայքարել:
Կառավարության կազմն անուն առ անուն դիտարկեք եւ կհամոզվեք, որ այնտեղ չկա մեկը, որի թիկունքում մեկ կամ մի քանի խոշոր տնտեսավարող չլինի: Իշխանական ողջ վերնախավը, որի մեջ մտնում են նաեւ իրենց ոչ իշխանական հայտարարած (ընդդիմադիրների հետ չշփոթել) ուժերի հիմնական գործող անձինք, խոշոր ձեռնարկությունների դե յուրե կամ դե ֆակտո տերերն են: (Պատահական չէ, որ երբ հունիսին ԱԺ-ում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունը, ոչ իշխանականները եւս դրան կողմ քվեարկեցին):
Վերջին օրերին հաճախ կարելի է լսել. «Բայց սրանք (իշխանությունները) չե՞ն հասկանում, որ այսպես փոքր եւ միջին բիզնեսը կփակվի, եւ մարդիկ այլեւս չեն կարողանա կրպակ կամ տոնավաճառի տաղավար աշխատացնել»: Է, հասկանում են, բայց իրենց ինչ, որ կփակվի: Ասենք կրպակավարները կամ տոնավաճառի առեւտրականները սննկացան, ի՞նչ պետք է անեն. կարտագաղթե՞ն, է, ավելի լավ իշխանությունների համար, Հայաստանում մնացած իրենց հարազատներին գումար կուղարկեն, որով նրանք իշխանություններին պատկանող ընկերությունների ներկրած ապրանքները կգնեն: Սննկացածների մի մասն էլ աշխատանքի կանցնի խոշորների մոտ եւ այլեւս նրանց դեմ չի ընդվզի, կրկին իշխանությունները դրանից շահում են: Մնում է ընդվզողների, բողոքել փորձողների խնդիրը լուծել: Այդ հարցով էլ զբաղված են ոչ իշխանականները` խոշորների այն զանգվածը, որը հանուն ընդհանուր գործի այսօր ստիպված է ժողովրդի դարդով «տապակվողի» կերպարով հանդես գալ:
Իշխանական վերնախավն այսօր մեկ խնդիր է լուծում. մինչեւ 2017 թվականի՝ ԱԺ ընտրությունները, Հայաստանում «անվերահսկելի» խոշոր ֆինանսներ չպետք է լինեն. Հայաստանի ֆինանսները պետք է տնօրինեն բացառապես իշխանության համար ընկալելի մարդիկ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ