«Իր քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ բազմապատկվել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ գագաթաժողովներ, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել են բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտեց, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Նախարար Նալբանդյանը նաև համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ նույն նպատակով ադրբեջանական կողմը, ցանկալին իրականության տեղ մատուցելով, մտացածին հայտարարություններ է անում, թե իբր համանախագահների կողմից առաջարկվել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, թե վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:




Լրահոս