Ջրամատակարարման լուրջ խնդիր ունեցող Գյումրիում դեռեւս 2002 թվականին մեկնարկեց գերմանական KfW բանկի տրամադրած վարկային միջոցներով ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը վերականգնելու ծրագիրը: Նախատեսվում էր ծրագրի ավարտին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել Գյումրի քաղաքի մոտ 60 տոկոսը: Չնայած ծրագիրը մեկնարկեց 2002թ.-ից, գործնական աշխատանքները Շիրակի մարզում սկսվեցին 2008-ից եւ ընթանում են մինչ օրս: Վեցամյա աշխատանքային գործունեության ընթացքում քանդվեցին քաղաքի շատ փողոցներ, որոնց մեծ մասը մինչ օրս ասֆալտապատված չէ:
Քանդված փողոցների հետ կապված Գյումրու քաղաքապետարանն իր լուրջ մտահոգությունն է հայտնում շինարարական ընկերություններին եւ ծրագրի կազմակերպիչներին: Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքապետարանն իր սուղ միջոցներով մաքրում, հարդարում, տեսքի է բերում քաղաքը, իսկ ջրաշինարարական ընկերություններն այն քանդում են: Ստացվում է, որ ջրաշինարարական ընկերությունների եւ քաղաքապետարանի աշխատանքը համակարգված չէ. օրինակ` քանդում են կենտրոնական փողոցը, որից տեղյակ չէ քաղաքապետարանը:
«Շիրակ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն, սակայն, քանդած փողոցների համար իր բացատրությունն ունի: Ընկերության ներկայացմամբ` իրենք աշխատանքներն ավարտին չեն կարողանում հասցնել, քանի որ գումարն ամբողջությամբ չի փոխանցվել շինարարական ընկերություններին: Մինչդեռ KfW բանկի գերմանացի պատասխանատուները պնդում են, որ գումարները վաղուց են տեղ հասել: Ըստ KfW բանկի ծրագրի պատասխանատուների, փոխանցված գումարի միայն 30 տոկոսը պետք է հատկացվեր ճանապարհների վերականգնմանը: KfW բանկը կարծում է, որ այս հարցը վաղուց պետք է կարգավորված լիներ, քանի որ ֆինանսական ռեսուսների խնդիր երբեք չի եղել:
Արդյունքում` Գյումրու քաղաքապետարանը ստիպված է խնդրի հետ կապված երկրորդ նիստը հրավիրել երկու կողմերի ներկայությամբ՝ պարզելու, թե ի վերջո երբ են ասֆալտապատվելու քանդված փողոցները: Իսկ թե որտեղ եւ ինչպես են փոշիացվել KfW բանկի տրամադրած գումարները, կքննարկվի այլ հարթությունում:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի