Ձվի շուկայում գները տատանվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ որոշ գործարարներ պատրաստվում են հայտ ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հավկիթ ներկրելու առաջարկով: Գործարարների այս ցանկությունը խուճապ է առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների մոտ: Բանն այն է, որ տեղական արտադրողները չեն դիմանա ներկրողների մրցակցությանը: Այս առիթով նրանք պատրաստվում են 2-3 դրամով նվազեցնել մատակարարման գները, որպեսզի գոնե այս կերպ կանխեն հավկիթի ներկրումը: Նրանք վստահեցնում են, որ իրենց արտադրանքով կարող են բավարարել ձվի ներքին շուկայի պահանջարկը:

Այս հարցով «Ժողովուրդ»-ին են դիմել մի շարք տեղական արտադրողներ, որոնց անուններն առայժմ չենք հրապարակում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս տեղական արտադրողները հանդիպել են այն գործարարների հետ, որոնք պատրաստվում են ձու ներկրել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս հայաստանցի ձու արտադրողները բախվեցին այս խնդրին, ինչի արդյունքում խոշոր չափի վնասներ կրեցին եւ պարտքեր կուտակեցին: Եւ որպեսզի արդեն ծանոթ այս անցանկալի սցենարի կրկնությունը կանխվի, ձու արտադրող ընկերությունները պատրաստ են նույնիսկ հավկիթի մատակարարման գները 2-3 դրամով նվազեցնել:

Սակայն առայժմ տեղական արտադրողներին դա չի հաջողվում: Ի դեպ, ձու ներկրել պատրաստվող գործարարները մտադիր են ներքին շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծել, որպեսզի սպառողին ցույց տան, որ տեղական արտադրողներն ունակ չեն ապահովելու ներքին շուկայի պահանջարկը, եւ դեֆիցիտը վերացնելու համար պետք է ձու ներկրել:

Իսկ ահա տեղական արտադրողները շարունակում են պնդել, որ կարող են ներքին շուկան ձվով ապահովել եւ այն պահել մինչեւ տարեվերջ:

«Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից հետաքրքրվեց, թե այս ընթացքում ո՞րքան հավկիթ է ներկրվել Հայաստան եւ ո՞ր երկրից: Ի պատասխան մեր հարցմանը ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը տեղեկացրեց. «Այս տարվա մարտից մինչ օրս հավկիթ ներկրվել է Իրանի Հանրապետությունից մեկ անգամ՝ սեպտեմբերի 21-ին, 308 հազար 880 հատ»: Նրա տեղեկացմամբ` ձու ներկրելու հայտ ներկայացրել է ընդամենը մեկ ընկերություն, իսկ թե կոնկրետ ո՞ր ընկերությունը, ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակը հրաժարվեց նշել:

Ամեն դեպքում, մեզ հետ զրույցում տեղական արտադրողները շեշտեցին, որ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ` թույլ չտալու համար, որ անգամ մեկ հատիկ ձու ներկրվի:
Նկատենք, որ ձվի շուկան եկամտաբերներից է համարվում: Չմոռանանք, թե Հայաստանում մի քանի տարի առաջ ձուն որքան արժեր եւ ինչ արժի հիմա: Եւ ամեն անգամ, երբ ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի մասին տեղեկություններ է հրապարակում, ձուն ներկայացվում է՝ որպես արագ եւ կտրուկ գնաճի ենթարկված սննդատեսակ: Այսօր շուկայում մեկ ձվի գինը 70-75 դրամի սահմաններում է տատանվում:

Այնուամենայնիվ, ի՞նչ հետեւանքներ կունենա նոր խաղացողի հայտնվելը ձվի շուկայում: Նախ՝ ձուն արագ փչացող սննդատեսակ է, ինչը նշանակում է, որ այս սննդատեսակի ներկրումը վատորակ ապրաքնով խանութները հեղեղելու ռեալ ռիսկեր է պարունակում: Այս կապակցությամբ հիշեցնենք միայն, որ նախորդ տարի ՀՀ մի շարք մարզերում վաճառվում էին ժամկետանց ներկրված հավկիթներ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ բարձրաձայնեց, ինչի արդյունքում ներքին շուկայից ի վերջո դուրս բերվեց ժամկետանց հավկիթի խմբաքանակը:
Սակայն նկատենք, որ գործարարների համար ավելի եկամտաբեր է ձու ներկրելը, քան արտադրելը: Տարիներ առաջ նույնիսկ ընկերություններից մեկի սեփականատերը հայտարարեց, թե ներկրվող ձվի ինքնարժեքը շատ ավելի էժան է, քան տեղում թանկ գնով ձեռք բերված, ցորենով կերակրված հավի տված ձուն:Այնուամենայնիվ, սպառողը պետք է ինքը որոշի՝ գնե՞լ ներկրված, բայց վիճելի թարմությամբ ձու, թե՞ տեղական, որն, ի դեպ, երբեմն էլի ներկրված է լինում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս