ՀՀԿ-ԱԿԱՆ ԲՈԼՈՐ «ՌԱՆԳԻ» ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իրենց համար պարզ չէ` ինչ են ՀՀԿ-ից սպասում ոչ իշխանական ուժերը: Խորհրդարանի նախագահը նշել էր նաեւ, որ մինչեւ այսօր այդպես էլ հստակ ձեւակերպում չկա, թե եռյակը կոնկրետ ի՞նչ է պահանջում:
«Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք. պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որեւէ մեկդ կարո՞ղ է ձեւակերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին մենք ենք լինելու, մենք էլ ասում ենք, որ առանց մեր դերակատարման որեւէ բան մի փորձեք անել, դա չի ստացվի: Մենք էլ ենք քաղաքական ուժ եւ մեծ դերակատարում ունենք: Այսինքն, եթե քաղաքական պրոցեսներ են գնում, մեր մասնակցությունը նշանակալից է»,-բացատրել էր Գալուստ Սահակյանը:
Խորհրդարանի ղեկավարը հավելել էր, թե բանակցություններ վարում են այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա: «Ես կարծում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր են, առանձին-առանձին խնդիրներ ունեն: Մի մասը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պիտի չլինի, որովհետեւ մի անգամ էլ իրենք են ուզում նախագահ դառնալ: Մյուս մասն ասում է՝ էդ ճանապարհը լավ է… էսպես շարունակ: Հենց դա է պատճառը, որ բանակցությունների մասին ո՛չ խոսք է եղել, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա, եւ ինչի՞ շուրջ պիտի բանակցենք»,-եզրափակել էր Գ. Սահակյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է եռյակի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ են ակնկալում իշխանություններից, քանի որ ՀՀ «երկրորդ դեմքը» համարվող Գալուստ Գրիգորիչը հայտարարել է, որ գոնե իրենց համար այդ պահանջներն ու ակնկալիքներն անհասկանալի են:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ իրենց համար պարզ չէ, թե խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ի՞նչ են պահանջում ՀՀԿ-ից: Խնդրում եմ՝ նշե՛ք, թե ինչո՞ւ կոնկրետ պահանջ չի ներկայացվում իշխանություններին:
-Եթե Գալուստ Սահակյանն այդ հստակությունը չի տեսնում, ապա դա իր գործն է, մանրամասն բացատրելու կարիք չկա: Բայց կարծում եմ, որ հոկտեմբերի 24-ին շատ ավելի հստակ կլինի ամեն ինչ:
-Բայց եռյակը պաշտոն ուզո՞ւմ է ՀՀ իշխանություններից:
-Հիմա դուք Գալուստ Սահակյանի անունի՞ց եք խոսում: Ես արդեն ասացի, որ եթե ցանկություն կա այդ ամենը չտեսնելու, ուրեմն չեն տեսնի, եթե ցանկանում են տեսնել ու հասկանալ, թե ինչ վիճակում է պետությունը, ու ինչ պետք է անել, այդ դեպքում տեսնում են, հասկանում են: Բայց եթե վերջնական ձեւակերպման անհրաժեշտություն կա, կարծում եմ՝ հոկտեմբերի 24-ին ավելի հստակ կլինի այդ ամենը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարո՛ն Զուրաբյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի համար անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում ոչ իշխանական ուժերը:
-Բայց ինչը պարզ չի, մենք առաջարկում ենք հեռանալ:
-Բայց ըստ ԱԺ նախագահի, մինչեւ այժմ եռյակում որեւէ հստակություն չկա, քանի որ որեւէ կոնկրետ հայտարարություն, պահանջ չի հնչել:
-Շատ հստակ ասվել է, էլ ինչպե՞ս պետք է ասվեր:
-Այսինքն՝ եռյակի կողմից պաշտոնների պահանջ, կոալիցիոն հուշագրի ստորագրման հարց դրված չէ՞…
-Լավ էլի, Գալուստ Սահակյանի մակարդակին մի՛ իջեք: Լա՛վ, լա՛վ, եղավ, արդեն պատասխանեցի ձեր հարցերին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ իրենց՝ ՀՀԿ-ի համար պարզ չէ, թե եռյակն ինչ ակնկալիքներ ունի իշխանություններից, քանի որ մինչեւ այսօր կոնկրետ հայտարարություն չի հնչել ձեր կողմից: Ինչո՞ւ եռյակը հստակ պահանջ չի ներկայացնում:
-Ինձ համար հասկանալի չէ, թե ինչը հասկանալի չէ Գալուստ Սահակյանին: Երեք քաղաքական ուժերի օրակարգը ձեւակերպում եմ կարճ, հստակ ու մեկ նախադասությամբ. այս իշխանությունը պետք է հեռանա, այս իշխանությանը չպետք է տրվի որեւէ հնարավորություն՝ վերարտադրվելու համար: Կարծում եմ՝ բարդ տեքստ չեմ շարադրում, ուստի Հանրապետական կուսակցության բոլոր ռանգի գործիչների համար այս տեքստը պետք է որ լինի խիստ ընկալելի եւ հասկանալի: Այսքանը:
Հ. Գ. Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե երկիրը աղետից փրկելու համար անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ հավելելով. «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԹՈՂ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՆՇՐՋԵԼԻՆ ՇՐՋԵԼԻ ԴԱՐՁՆԻ»
Չնայած ՀՀ փորձագետների գերակշիռ մասի պնդումներին, թե ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ քաղաքականապես ձեռնտու չէ, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Հրապարակված պայմանագրի դրույթներն աչքի առաջ ունենալով` ինչպիսի հեռանկար է մեզ սպասվում առաջիկա տարիներին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ:
-Տիկի՛ն Թադեւոսյան, ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ի՞նչ կտա: Տնտեսական առումով մեր երկրի համար այս միությունը շահեկա՞ն է:
-ԵՏՄ-ին անդամակցելը տնտեսական առումով Հայաստանին դրական ոչինչ չի տա: Գնաճ կլինի, ինչը կապված կլինի նոր մաքսային պաշտպանվածության եւ մաքսատուրքերի հետ: Ասել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տնտեսական աճ է սպասվում, ճիշտ չի լինի, որովհետեւ մեր տնտեսական հարաբերություններում ոչինչ էլ չի փոխվելու: Ավանդների եւ արժեքային առումով ամեն ինչ նույնն է մնալու: Մենք նախկինում էլ ունեինք առեւտուր այդ երկրների, մասնավորապես` Ռուսատանի հետ: Սակայն, եթե Վրաստանը կիրառի ավելի բարձր մաքսատուրքեր կամ իր շուկան ավելի պաշտպանի Ռուսաստանից, մենք հաստատ կտուժենք:
-Արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է, մի՞թե ԵՏՄ-ի անդամակցությունից դրական ակնկալիքներն իսպառ պետք է բացառել:
-Ամեն ինչ կախված է ապագայում այդ երկրների դիրքորոշումից, սակայն տնտեսական օգուտներ չենք ակնկալում: Եթե ընդունվի ընդհանուր քաղաքացիության մասին օրենքը, բոլորիս անձնագրերը կփոխվեն, մենք կդառնանք ԵՏՄ-ի քաղաքացի: Դա անդամ երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա ազատ մուտք գործել Հայաստան, աշխատատեղեր զբաղեցնել, եւ այդ քաղաքացին մեզ հավասար իրավունքներ կունենա մեր երկրում: Դա լուրջ հետեւանքներ կունենա մեր հասարակության համար: Բացի դրանից կրոնական գործոնը կա, ԵՏՄ-ում տարբեր կրոններ ունեցող երկրներ են, ինչը բավականին լուրջ խնդիրների է հանգեցնելու:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ԵՏՄ-ին անդամակցության «անշրջելի գործընթացին» ընդդիմացողների «ջղաձգումները զավեշտի են վերածվում»:
-Պարոն Տեր-Պետրոսյանի ասածին պետք չէ լրացուցիչ որակումներ տալ: Դա նրա քաղաքական գնահատականն էր, թող որեւէ քաղաքական ուժ էլ այդ անշրջելին դարձնի շրջելի: Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական առումով է անշրջելի համարել այդ երեւույթը:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՄԱՍՆԱՏՎԱԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին դաժան ծեծելու, մարմինը մասնատված Հայաստանին հանձնելու փաստի առթիվ ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պատրաստվում է փաթեթ ուղարկել Միջազգային կառույցներին, որտեղ կներկայացվի, թե ինչ կերպ են Ադրբեջանում խոշտանգում հայ գերուն: Նշենք, որ, մինչ Կարենի մարմինը Հայաստան տեղափոխելը, հանձնաժողովը հաշվի առնելով Կարենի կասկածելի մահը՝ համապատասխան միջազգային կառույցներին կոչ էր արել դրսեւորել հետեւողականություն՝ գործի՝ անաչառ եւ լիարժեք քննություն իրականացնելու համար: Տղայի մասնատված մարմնի ապացույցները կուղարկվեն միջազգային կառույցներին:
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ
Դեկտեմբերի 14-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն իսկ «թեժ» մրցակցություն է սկսվել հնարավոր թեկնածուների միջեւ: Ըստ այդ տեղեկությունների՝ քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրելու Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, եւ Չարենցավանի ՀՀԿ կառույցի նախկին ղեկավար Նորիկ Զոհրաբյանը: Վերջինիս ժամանակին Կ. Շահգալդյանն է պաշտոնանկ արել:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԲՀԿ-ն եւս ցանկանում է թեկնածու առաջադրել ու այժմ քննարկվում է ԲՀԿ-ական, «Պոստկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանի թեկնածությունը, որը ծնունդով Չարենցավանից է: Նրա «հովանավորն» ու պաշտպանը միաժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն է:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դեռ ժամանակ ունեն քննարկելու եւ որոշելու՝ ՀՀԿ-ն ում թեկնածությունը կպաշտպանի: Տեղեկացնենք, որ Չարենցավանի քաղաքապետի թեկնածուների առաջադրումը նախատեսված է նոյեմբերի 9-ից 14-ը, իսկ գրանցումը` նույն ամսի 14-ից 19-ը:
ՉԵՆ ԿԱՐՈՂ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունը ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ջավախքահայերի շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Ինչպես հայտնի է՝ նոր օրենքով ՀՀ եւ մի շարք այլ երկրների քաղաքացիները Վրաստանի տարածքում առանց վիզայի կարող են գտնվել առավելագույնը 90 օր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրենք չեն պատրաստվում բանակցել վրացական կողմի հետ ՀՀ քաղաքացիների համար օրենքի պահանջը վերացնելու կամ գոնե մեղմելու համար: «Մենք այս հարցում որեւէ միջամտություն չենք կարող ունենալ»,- պատասխանեց Սարդարյանը: