ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ

Հայաստանում քաղաքական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Իշխանափոխություն են պահանջում մարդիկ, ովքեր փաստացի իշխանության կրող են: Իսկ արմատական ընդդիմությունն էլ դաշնակից է մեկի հետ, ում ոչ վաղ անցյալում համարում էր հանցագործ իշխանության մի մասը:

Նախ արմատական ընդդիմության մասին: Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում էր համաժողովրդական շարժումը, հայտարարեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը չմիանա շարժմանը, եւ ընտրություններում հաղթի Սերժ Սարգսյանը, ապա վերջինս Ծառուկյանին «բոմժ» կդարձնի: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ առաջնորդը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, ավելին՝ առաջին նախագահը պարտվեց ընտրություններում: Սակայն ուշագրավ է, որ 6 տարի անց Տեր-Պետրոսյանն անձամբ գնաց Ծառուկյանի տուն, տարաբնույթ խոստումներ տվեց, օգնեց, որ նրա խնամի Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնա: Բացի այդ, Ծառուկյանը հիմա Տեր-Պետրոսյանի համար դարձել է իմաստուն եւ ուժեղ մի կերպար: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ արդեն կուսակցություն դարձած ՀԱԿ-ի կարգավիճակը քաղաքական դաշտում դարձել է այն, ինչը ՀՀ առաջին նախագահը կանխատեսում էր Ծառուկյանի դեպքում, եթե Սերժ Սարգսյանն ընտրվեր նախագահ:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա էլ հանրահավաքից հետո գնացել էր Դիլիջանի դպրոցի բացմանը՝ կանգնելով Սերժ Սարգսյանի կողքին:
Հիմա դառնանք Ծառուկյանի գործողություններին, որտեղ տրամաբանություն փնտրելն այլեւս անիմաստ զբաղմունք է դարձել: Ինչո՞ւ: Բացատրենք: Սովորաբար հանրահավաքներով, վերջնաժամկետներով գործող իշխանության հետ խոսելու անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ սպառված են լինում բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու տարբերակները: Սա ընդունված քաղաքական կատեգորիա է, քանի որ ողջ աշխարհը կառավարվում է ջենտլմենական պայմանավորվածությունների սկզբունքով:
Արդյո՞ք մեզանում սպառված են այդ տարբերակները: Թերեւս գոնե Ծառուկյանի դեպքում բազում քայլեր կան անելու: Նախ հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Ինչպես հայտնի է՝ այդ մարմնի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, քարտուղար չկա, իսկ անդամներն են ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, փոխվարչապետ Ա. Գեւորգյանը, ՊՆ նախարար Ս. Օհանյանը, արտգործնախարար Է. Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը, ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը: Այսինքն՝ երկրի առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդիր Գագիկ Ծառուկյանը հանգիստ կարող է քննարկման առարկա դարձնել հենց ԱԱԽ նիստում: Եթե նույնիսկ չեն հրավիրվում դրանք (վերջին ԱԱԽ նիստը, ըստ պաշտոնական կայքի, եղել է այս տարվա փետրվարի 25-ին), ապա նա կարող է թեկուզ հրապարակային պահանջ ներկայացնել ԱԱԽ նիստ հրավիրելու մասին: Սակայն Ծառուկյանը գրեթե չի մասնակցում այդ նիստերին, ուր մնաց նիստ հրավրելու նախաձեռնությամբ հանդես գա:
Այս իրավիճակում երկու բնական հարց է առաջանում. ինչո՞ւ Ծառուկյանն իր մտահոգությունները չի բարձրաձայնում ԱԱԽ նիստում եւ եթե կարծում է, որ այնտեղ անիմաստ է որեւէ հարց բարձրացնել ու քննարկել այդ կազմով, ապա ինչո՞ւ դուրս չի գալիս անվտանգության խորհրդի կազմից: Ի՞նչ առավելություն է տալիս նրան այդ կարգավիճակը:
Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի կամ նրա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպելու որեւէ խնդիր չունի: Հետեւաբար հանգիստ կարող է տեսնել նրանց, բարձրացնել իրեն հուզող հարցերը: Ի վերջո, Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանը հանդիպեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքից ուղիղ մեկ օր առաջ: Դե, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կարող է ամեն երեկո թեյ խմել՝ այցելելով իր հարազատ դստեր տուն: Ծառուկյանի աղջիկը Հովիկ Աբրահամյանի հարսն է: Բայց Ծառուկյանն այդ ճանապարհով ոչինչ չի անում: Նա նման հանդիպման ժամանակ չի բարձրացնում այն հարցերը, որոնք իսկապես մտատանջում են իրեն: Ավելին՝ ժպտալով, ընկերաբար հանդիպում է ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Հովիկ Աբրահամյանին, բայց միաժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մասնակցում է արմատական ընդդիմությանը բնորոշ գործողությունների՝ հանրահավաքի, սակայն էլի ոչինչ չի ասում:
Համաձայնեք՝ պարադոքսալ իրավիճակ է, որից թերեւս երկու ելք կա. կա՛մ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԽ կազմից, հրաժարվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից ու ՀՀ սպորտի նախարարի պորտֆելից, խզի իր բոլոր տիպի հարաբերությունները գործող իշխանության հետ, ինչը քիչ հավանական է, կա՛մ էլ պետք է այսպես՝ կիսաընդդիմադիր կեցվածքով, այլընտրանքային գործունեություն ծավալի՝ զբաղեցնելով նաեւ հարթակային ընդդիմության տեղը, մինչեւ մոտենան ՀՀ նախագահի ընտրությունները: Ի դեպ, ԱԱԽ անդամները լրջագույն պետական գաղտնիքների են տիրապետում: Հետաքրքիր է՝ ի՞նչ կանի Ծառուկյանը, եթե ԱԱԽ-ն քննարկի, օրինակ, արմատական գործողությունների դեմ հայեցակարգ ընդունելու մասին հարց:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը մի քանի օր է, ինչ գտնվում է Ժնեւում: Հ. Թովմասյանն ուղեկցում է աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որի ղեկավարած պատվիրակությունն այնտեղ է գտնվում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին էլ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Այդ ժամանակ էլ Թովմասյանն ուղեկցել էր Նաղդալյանին: Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է Հ. Թովմասյանը Ժնեւում ուղեկցում Էդ. Շարմազանովին: «Պարոն Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու գլխավոր քարտուղարը: Իսկ այժմ ԱԺ գլխավոր քարտուղարների միության համաժողովն է, որտեղ տեղի են ունենում գործադիր մարմնի ընտրություններ եւ այլն»,- պատասխանեց մամլո խոսնակը:

 

ԳՆԱՃՈՎ
Այս տարի պարենամթերքի շուկայում գնաճը է՛լ ավելի կտրուկ դրսեւորումներ է ունեցել: Թեեւ ամեն ինչն է թանկացել, սակայն նկատենք, որ այս օրերին խանութներում խոզի մսի 1 կգ-ի գինը 4000 դրամից է սկսում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ խոզի միսը 2014 թվականի սեպտեմբերին, 2010 թվականին համեմատած, թանկացել է 54 տոկոսով, այս տարվա հունվար ամսվա համեմատ՝ խոզի մսի գնաճը կազմել է 20 տոկոս կամ նույնն է թե՝ 800 դրամ: Իսկ ահա տավարի մսի գնաճը 2014 թվականի սեպտեմբերին, համեմատած 2010-ի տվյալների հետ, կազմել է 18.6 տոկոս: Նշենք, որ հավի բդի գնաճը 2014 թվականի սեպտեմբեր ամսին, համեմատած 2010 թվականի հետ, կազմել է 39.8 տոկոս: Եթե այսպես շարունակվի, ապա Ամանորի նախաշեմին մեր հայրենակիցներն այն ձեռք կբերեն ավելի բարձր գներով:

 

ԴԵՌ ՊԵՏԵՐ ՉԿԱՆ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Սյունիքի մարզպետարանում թափուր են քաղաքաշինության եւ կրթության, սպորտի եւ մշակույթի բաժինները: Սյունիքի մարզպետի երկրորդ օգնականի եւ երկրորդ տեղակալի տեղերը եւս թափուր են: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելուց հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնի պետ Լուսինե Մարությանից հետաքրքրվել, թե մինչեւ ե՞րբ են թափուր մնալու այս տեղերը: «Իրենք պետք է դեռ քաղաքացիական ծառայության քննություն հանձնեն: Նշեմ, որ Ժամանակավոր պաշտոնակատար էլ չկա նշանակված: Պետք է լինի մրցույթ»,- պատասխանեց Մարությանը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԻ
Անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ին ասել է, թե ոչ մի ակնկալիք չունի: Իսկ հարցին, թե առաջիկա հանրահավաքն է՞լ բազմամարդ կլինի, Ա. Կարապետյանը պատասխանել է.«Եթե իրենք դեռ ոչինչ չգիտեն, մենք ի՞նչ իմանանք՝ ինչ ասենք: Ես այդքան նայել եմ ու որեւէ դեպք չգիտեմ, որ Անվտանգության խորհրդի անդամը, մնալով Անվտանգության խորհրդի անդամ, դառնա արմատական ընդդիմություն (խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է): Նման բան չգիտեմ: Օրինակ՝ չգիտեմ նաեւ, որ արմատական ընդդիմությունը հանրահավաք անի, ու ճանապարհները չփակեն, իրազեկման ժամանակ մարդ չծեծեն: Եթե դուք գիտեք, ուրեմն ես սխալվում եմ»:

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԻՆԵԼ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսաստանյան ըՈս-ն ափային հրթիռային համակարգով: Առայժմ խոսքը մեկ դիվիզիոնի ձեռքբերման մասին է, որի օգնությամբ Բաքուն հույս ունի ամրապնդել Կասպից ծովի ափամերձ հատվածը: Ադրբեջանցի զինվորականներն արդեն Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը հայտ են ներկայացրել ըՈս-ն համակարգի ձեռքբերման համար: Այսպիսով` մինչեւ ընթացիկ տարեվերջ Մոսկվայից Բաքվի գնած զենքի արժեքը կկազմի 5 մլրդ դոլար:

 

ՀԱՋՈՂԱՑՐԵՑ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մյուս շաբաթ վերջապես կկայանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ի դեպ, այցն ուշացած է շուրջ մեկ ամսով այն պարագայում, երբ բարձրաստիճան այցերը սովորաբար կազմակերպվում են հանգամանորեն՝ հաշվի առնելով կողմերի օրակարգը, եւ ժամանակին չեն կայանում միմիայն անհետաձգելի պատճառներով:

 

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին: «Առաջարկել եմ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել՝ նկատի ունենալով « +, – » 20 ինտերվալը։ Ըստ այդմ, առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են` վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում»,- ներկայացրել է Բագրատյանը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼԻՔ
Իրանում առաջիկա օրերին կմեկնարկի շուրջօրյա ադրբեջանալեզու հեռուստաալիքի հեռարձակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի Հանրապետության հեռուստառադիո հանձնաժողովի նախագահ Իզզաթուլլահ Զարգամին։

 

ՆՈՐԻՑ ԼԱՐՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի արձակած անկանոն կրակահերթի արդյունքում ծնկի շրջանում վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Թադեւոսյանը:
ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ` վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:

 




Լրահոս