ՄՏԱԾԵԼ ԵՆ, ԹԵ ԲԱՆԿԻ ՓՈՂԵՐԸ ՊԻՏԻ ԹԱԼԱՆԵՆ
Հոկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Առինջ համայնքում կրակոցների հետեւանքով սպանված Լեւոն Ավետիսյանը «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամարկղի ղեկավարն էր, իսկ ահա հրազենային վիրավորում ստացած նրա կինը՝ Նունե Ավետիսյանը, աշխատում է Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկի տարադրամի փոխանակման կետում:
Եվ այսպես՝ նշված օրը՝ ժամը 20:05-ին, երկու անհայտ անձինք, որոնցից մեկը եղել է դիմակավորված, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 9-ը տան մոտ սպասել է ամուսիններ Նունե Եւ Լեւոն Ավետիսյաններին:
Երբ Լեւոն Ավետիսյանի BMW մակնիշի ավտոմեքենան մոտեցել է իր տան մուտքին, հանցագործներն ինքնաձիգով կրակել են մեքենայի ուղղությամբ: Արդյունքում՝ Լեւոն Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունեն, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղից ավելի ուշ նրան դուրս են գրել:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ նախ զրուցեց «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի հետ: Ըստ մեր զրուցակցի, Լեւոն Ավետիսյանը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում աշխատում էր որպես դրամարկղի ղեկավար: «Հոյակապ արհեստավարժ մասնագետ էր: Մեր կարծիքով միջադեպը որեւէ կապ չունի բանկի աշխատանքի հետ»:
Հարցին, թե մի՞գուցե հանցագործները մտածել են, որ բանկի դրամարկղի ղեկավարն իր մոտ շատ գումար կունենա եւ այդ պատճառով էլ հարձակում են գործել, Անատոլի Տիրոսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի մենք չենք կարող որեւէ մեկնաբանություն անել հնարավոր հանցագործների մտածելակերպի մասին, սակայն թույլ տվեք ասել, որ ՀՀ բանկային օրենսդրության համաձայն՝ բանկի դրամական հանգույցներից արգելված է դուրս հանել որեւէ գումար: Առնվազն անհեթեթություն է մտածել, որ մարդը, աշխատելով կանխիկ փողի հետ, այն կարող է բանկից դուրս հանել»:
Մեր զրուցակցի խոսքով, Լեւոն Ավետիսյանին գրեթե հանդիպել է ամեն օր. «Երբեւէ չեմ լսել թշնամիների կամ խնդիրների մասին: Գիտեք, եթե մարդն ունի թշնամիներ կամ պարտքեր, դժվար թե մնա եւ բանկում աշխատի՝ որպես ղեկավար: Ցավոք, պետք է նշեմ, որ նրան դեպքի օրը չեմ տեսել»:
Հաշվի առնելով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի պնդումները, թե բանկի գումարը բանկի դրամական հանգույցներից արգելված է դուրս հանել, ենթադրվում է, որ Լեւոն Ավետիսյանը դժվար թե խոշոր գումար պահեր իր մոտ: Իսկ գուցե հանցագործները, որպես «ախորժալի որս», աչքի տակ են վերցրել Լեւոն Ավետիսյանի կնո՞ջը, որն էլ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկի տարադրամի փոխանակման կետի աշխատակից է. մտածել են, որ կարող էր նրա մոտ կլորիկ գումար լինել:
«Ժողովուրդ»-ն այցելեց Նունեի աշխատավայր՝ տարադրամի փոխանակման կետ: Մեր այցելության ժամին տարածքը հսկում էին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը, որը բավականին զգուշավոր էր խոսում, ասաց, թե Նունեն դեպքի օրը տարադրամի կետից գումար չի տարել տուն. «Այն, ինչ ասում եմ, հարյուր տոկոս է: Նունեի պայուսակում, որ հանցագործները տարել են, եղել է ընդամենը 5000 դրամ: Ավելին՝ այս ընթացքում որեւէ տարօրինակ բան չեմ նկատել, ու հիմա էլ ոստիկանության աշխատողներն այստեղ են, որպեսզի իրավիճակը հսկեն, բայց տարածքում ամեն ինչ նորմալ է»:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, ապօրինի զենք, զինամթերք): Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Հուսանք՝ ամուսիններին կյանքից զրկելու միտումով նրանց վրա հարձակված գողերը կստանան իրենց արժանի պատիժը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Վ Է «ԶԱԿԱԶՉԻԿԸ»
Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի՝ Մասիսի նստավայրում կայացել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի մասով դատական քննությունը` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն եւ ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:
Դեպքի վայրում է եղել նաեւ Կ. Կարապետյանի վարորդը` Օնիկ Հովհաննիսյանը, ով, զգալով Զադոյանի սպառնալիքների լրջությունը, հորդորել է նրան դադարեցնել կրակոցները: Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Մեղադրող Մուշեղյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Իսկ ամբաստանյալն ասաց, որ իրեն մեղադրանքի էությունը հասկանալի է, սակայն իրականությանը չի համապատասխանում:
Նախագահողը ներկայացրել է առաջադրված մեղադրանքներն ըստ հոդվածների, իսկ ամբաստանյալն էլ պատասխանել է, թե «Սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղավոր չեմ ճանաչում, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ չեմ ճանաչում, իսկ առողջությանը վնաս հասցնելու մասով՝ եղել է միայն ինքնապաշտպանությունից ելնելով»:
Կողմերին լսելուց հետո դատարանը որոշել է սկզբում լսել տուժող Կարո Կարապետյանին, վկաներին, իսկ վերջում` ամբաստանյալին: «Հայաստանում տենց տղա չկա, որ իմ վրա ձեռք բարձրացնի, յանի տղա գտնվավ: Ասում ա` իշխանությունն ա իմ կողքը կանգնած, ինքը ընդդիմություն ա: Պիտի ասեր ինձ՝ զակազչիկն ով ա: Ինքը վախից շռել էր տակը, վրից հոտ էր գալիս արդեն: Սաղ Եվրոպայում հազար անգամ դատված ա էղել: Ասել ա՝ եթե Կարոն ինձնից փող ուզեր, ես իրան կխփեմ գլխից: Եվրոպաներում նենց տղեքի եմ խփել, իրան խի պիտի չկարանամ խփեմ: Էս ամեն ինչի շարժառիթն էն ա էղել, որ ինքը չի ուզել իմ փողը տա: Դրա համար էլ ուզում էր ինձ խփեր: Ինքը չի ապրի, մինչեւ չասի՝ զակազչիկն ովա: Իրավապահ մարմինը ես եմ իմ համար»,-հայտարարել է Կ. Կարապետյանը:
Ամբաստանյալը նշել է, որ հարցեր չունի: «Իրանից դուս խոսում ա անկապ, ես ի՞նչ ասեմ»,-հայտարարել է Արթուր Զադոյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 20-ին:
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը տարօրինակ զվարճությամբ հետեւում էր իր վստահորդ Կարապետյանի մտքի թռիչքին, դատավոր Թաթուլ Պողոսյանն էլ մերթընդմերթ հոխորտում էր, թե պատժամիջոցներ կկիրառի, բայց այդպես էլ չհամարձակվեց:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԱԿՈՒՄԲԻ ԲԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի Ղուրսալու համայնքում: Այնտեղ գտնվող «Պանտերա» ակումբի բակում դանակահարվել է 24-ամյա Սմբատ Աստրյանը:
Մեր տեղեկություններով՝ «Պանտերա» ակումբի ներսում Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ Սմբատ Աստրյանը վիճել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Վահեի հետ, որից հետո տղաների վեճը տեղափոխվել է ակումբի բակ: Ակումբի տարածքում հավաքվածները ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել տղաներին, ինչից հետո Վահեն դանակով հարվածել է Սմբատին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղուրսալու համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը ասաց, որ միջադեպից տեղյակ է, սակայն կռվի մեջ մտած տղաներն իրենց համայնքից չեն, ուստի ինքը չի կարող իմանալ, թե ինչի համար են տղաները վիճել: «Էլ ինչի համար պիտի ստրիպտիզ ակումբի կողքը վիճեն ջահելները: Այդ ակումբի սեփականատերը Վանաձոր քաղաքից է, ու դա միակ ակումբը չէ, որ կա Սպիտակ քաղաքի ու մեր գյուղի ճանապարհին: Մեր գյուղի տղաներին ասել եմ, որ եթե իմացել եմ մեկիդ ոտն այնտեղ մտել է, ապա իմ հետ էլ որեւէ գործ չունենաք»,-ասաց Ղուրսալի գյուղապետը:
ՀԱՐՑ Է` ՈՎ Է ՈՒՄ ԽԱԲԵԼ
Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դատի է տվել իր երբեմնի գործընկերոջը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին՝ իր բարի անունն արատավորելու համար` պահանջելով 3 մլն դրամ բարոյական փոխհատուցում: Հայցը ներկայացվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագած Ախոյանն ասաց, որ հարց է, թե ով է ում խաբել: «Իրականում ես ուրախ եմ, որ իմացա Հրաչ Կապրիելյանի պատվի գինը, փաստորեն հենց այդքան է նա գնահատել իր պատիվը»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ Հրաչ Կապրիելյանն է խաբել իրեն. հաշվետություն չի տվել եւ իր բաժնետոմսերին ապօրինի ճանապարհով է տիրացել: «Նրա վրա քրեական գործ է հարուցվել, սակայն վկաների բացակայության պատճառով իրավապահները չեն կարողանում գործն ավարտին հասցնել»,- նշեց պատգամավորը:
ԱՆՏԵՂՅԱԿ
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը երեկ հայտարարել է, թե վերջին շրջանում Եհովայի վկաներն ակտիվորեն քարոզչություն են իրականացնում՝ հենց փողոցում տեղադրելով ստենդներ։ «Մինչդեռ «ՀՀ խղճի ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածով արգելվում է փողոցներում քարոզչություն իրականացնելը»,- ընդգծել է Ամարյանը: Նա նաեւ հայտնել է, որ շատ տարածքներ վաճառվել են Ավետարանչական ընկերակցությանը.«Վերջերս ՀԱԹ-ում բացվեց կանաչ դպրոց, որն աղանդավորական կառույց է: Ներսում գրված է, թե դա Հայ ավետարանչական ընկերակցությանն է: Մեր կառավարման մարմիններն առանց իմանալու այդ դպրոցի ղեկավարների հետ սելֆի են անում` Հրանուշ Հակոբյան, Արմեն Աշոտյան,ՊՆ նախարար եւ կառավարության էլի մի շարք անդամներ: Սերժ Սարգսյանը եւս մասնակցել է դպրոցի բացմանը»,- հայտարարել է Ամարյանը: