ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՊԱՏԱԿԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ Է

Ինչպես հայտնի է՝ փոքր եւ միջին ձեռներեցները բողոքում են իրենց ողջ շրջանառությունը պարտադիր փաստաթղթավորելու դեմ, ինչը բխում է «Շրջանառության հարկի մասի» օրենքի` հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունից: Ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, օրենքի նշված պահանջի կիրառումը կհանգեցնի հազարավոր տնտեսավարողների փակմանը, քանի որ խոշոր ընկերությունները, որոնք հիմնական ապրանքներ ներկրողներն են, հաշիվ ապրանքագրեր չեն տրամադրում:

Հայաստանի իշխանությունները ՓՄՁ-ներին կոչ են անում ասել այն ընկերությունների անունները, որոնք փաստաթուղթ չեն տրամադրում: Սակայն անուններ, գոնե հրապարակային, չեն հնչում: Արդյունքում՝ ՓՄՁ-ների բողոքը թվում է, թե անհեթեթ է, որովհետեւ ստացվում է, որ նրանք ցանկանում են ստվերային գործունեություն ծավալելու իրավունք ստանալ, որպեսզի իրենց նեղություն չտան եւ օրինախախտ խոշորների անունները պատկան մարմիններին չհայտնեն: Ասենք եվրոպացի փորձագետները, որոնց երկրներում տնտեսավարման պարտադիր փաստաթղթավորումը վաղուց պատմական իրողություն է, եթե ծանոթ չլինեն հայ իրականությանը, ապա հենց այդպես էլ կկարծեն, որ ՓՄՁ-ները ստվերային շրջանառություն ունենալու համար են պայքարում:
Հայտնի է, որ ՀՀ իշխանություններն անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով հայտարարեցին, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը ոչ թե ՓՄՁ-ների, այլ խոշորների դեմ է: Աբրահամյանն առաջարկեց փաստաթուղթ չտրամադրող խոշոր ձեռնարկությունների տվյալները ներկայացնել ֆինանսների նախարարությանը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն: Թվում է, թե հիմնավոր տեսակետ է: Սակայն ՓՄՁ-ներին այն չբավարարեց: Նրանք շարունակեցին բողոքել այնքան, մինչեւ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է փոփոխություն կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում: Տնտեսավարման պարտադիր փաստաթղթավորման պահանջի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, ընկերություններն իրենց մոտ առկա մնացորդը 10 օրյա ժամկետում պետք է գույքագրեին եւ ներկայացնեին հարկային մարմիններին: Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հաստատել եւ ԱԺ-ին է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է մնացորդի գույքագրման պահանջը հետաձգել մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը: Կառավարության այս քայլից հետո բողոքները սահուն կերպով մարեցին: ՓՄՁ-ների ներկայացուցիչները, չնայած հրապարակային չեն խոսում, բայց հույս ունեն, որ կառավարության խոստացած փոփոխությունից հետո իրենք կշարունակեն առանց փաստաթղթի ապրանքներ ձեռք բերել եւ իրացնել, անհրաժեշտության դեպքում էլ հարկայինին կներկայացնեն, թե իբր իրենց մնացորդն են իրացնում: Եթե ձեռներեցներն այդ ճանապարհով գնան, ապա հարկայինին օրինական հիմք կտան՝ իրենց տուժ-տուգանքների ենթարկելու համար:
Այսպիսով՝ ինչո՞ւ ՓՄՁ-ները չեն հավատում ՀՀ կառավարությանը, ի վերջո, վերջինս է հեղինակել «Շրջանառության հարկի մասին» օրենքի՝ այդքան աղմուկ հանած փոփոխությունը: Մարդիկ դեմքի լուրջ հայացքով իրենց պաշտոնի բարձունքից հայտարարում են, որ նպատակը խոշոր ընկերությունների ստվերի դեմ պայքարելն է, բայց ՓՄՁ-ները չեն հավատում ու չեն հավատում:
Դե, ինչպես կրպակավարը կամ տոնավաճառի առեւտրականը հավատա կառավարությանը, երբ գիտի, որ խոշոր ընկերությունները պատկանում են նույն այն մարդկանց (կամ նրանց հարազատներին), ովքեր խոստանում են այդ խոշորների դեմ պայքարել: Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե իրենք ցանկանում են խոշորների ստվերի դեմ պայքարել, նույնն է, թե նա վեր կենար ու ասեր, որ պատրաստվում է «խարակիրի» անել: Քիչ է մնում՝ Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարի, որ ինքը պատրաստվում է մենաշնորհների դեմ պայքարել: Կառավարության կազմն անուն առ անուն դիտարկեք եւ կհամոզվեք, որ այնտեղ չկա մեկը, որի թիկունքում մեկ կամ մի քանի խոշոր տնտեսավարող չլինի: Իշխանական ողջ վերնախավը, որի մեջ մտնում են նաեւ իրենց ոչ իշխանական հայտարարած (ընդդիմադիրների հետ չշփոթել) ուժերի հիմնական գործող անձինք, խոշոր ձեռնարկությունների դեյուրե կամ դեֆակտո տերերն են: (Պատահական չէ, որ երբ հունիսին ԱԺ-ում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունը, ոչ իշխանականները եւս դրան կողմ քվեարկեցին):
Վերջին օրերին հաճախ կարելի է լսել. «Բայց սրանք (իշխանությունները) չե՞ն հասկանում, որ այսպես փոքր եւ միջին բիզնեսը կփակվի, եւ մարդիկ այլեւս չեն կարողանա կրպակ կամ տոնավաճառի տաղավար աշխատեցնել»: Է, հասկանում են, բայց իրենց ինչ, որ կփակվի: Ասենք կրպակավարները կամ տոնավաճառի առեւտրականները սննկացան, ի՞նչ պետք է անեն. կարտագաղթե՞ն, է, ավելի լավ իշխանությունների համար, Հայաստանում մնացած իրենց հարազատներին գումար կուղարկեն, որով նրանք իշխանություններին պատկանող ընկերությունների ներկրած ապրանքները կգնեն: Սննկացածների մի մասն էլ աշխատանքի կանցնի խոշորների մոտ եւ այլեւս նրանց դեմ չի ընդվզի, կրկին իշխանությունները դրանից շահում են: Մնում է ընդվզողների, բողոքել փորձողների խնդիրը լուծել: Այդ հարցով էլ զբաղված են ոչ իշխանականները` խոշորների այն զանգվածը, որը հանուն ընդհանուր գործի այսօր ստիպված է ժողովրդի դարդով «տապակվողի» կերպարով հանդես գալ:
Իշխանական վերնախավն այսօր մեկ խնդիր է լուծում. մինչեւ 2017 թվականի՝ ԱԺ ընտրությունները Հայաստանում «անվերահսկելի» խոշոր ֆինանսներ չպետք է լինեն. Հայաստանի ֆինանսները պետք է տնօրինեն բացառապես իշխանության համար ընկալելի մարդիկ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՓՈՂՈՑՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ, ԹՈՂԵԼ ԵՆ

Ջրամատակարարման լուրջ խնդիր ունեցող Գյումրիում դեռեւս 2002 թվականին մեկնարկեց գերմանական KfW բանկի տրամադրած վարկային միջոցներով ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը վերականգնելու ծրագիրը: Նախատեսվում էր ծրագրի ավարտին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել Գյումրի քաղաքի մոտ 60 տոկոսը: Չնայած ծրագիրը մեկնարկեց 2002թ.-ից, գործնական աշխատանքները Շիրակի մարզում սկսվեցին 2008-ից եւ ընթանում են մինչ օրս: Վեցամյա աշխատանքային գործունեության ընթացքում քանդվեցին քաղաքի շատ փողոցներ, որոնց մեծ մասը մինչ օրս ասֆալտապատված չէ:

Քանդված փողոցների հետ կապված Գյումրու քաղաքապետարանն իր լուրջ մտահոգությունն է հայտնում շինարարական ընկերություններին եւ ծրագրի կազմակերպիչներին: Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքապետարանն իր սուղ միջոցներով մաքրում, հարդարում, տեսքի է բերում քաղաքը, իսկ ջրաշինարարական ընկերություններն այն քանդում են: Ստացվում է, որ ջրաշինարարական ընկերությունների եւ քաղաքապետարանի աշխատանքը համակարգված չէ. օրինակ` քանդում են կենտրոնական փողոցը, որից տեղյակ չէ քաղաքապետարանը:
«Շիրակ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն, սակայն, քանդած փողոցների համար իր բացատրությունն ունի: Ընկերության ներկայացմամբ` իրենք աշխատանքներն ավարտին չեն կարողանում հասցնել, քանի որ գումարն ամբողջությամբ չի փոխանցվել շինարարական ընկերություններին: Մինչդեռ KfW բանկի գերմանացի պատասխանատուները պնդում են, որ գումարները վաղուց են տեղ հասել: Ըստ KfW բանկի ծրագրի պատասխանատուների, փոխանցված գումարի միայն 30 տոկոսը պետք է հատկացվեր ճանապարհների վերականգնմանը: KfW բանկը կարծում է, որ այս հարցը վաղուց պետք է կարգավորված լիներ, քանի որ ֆինանսական ռեսուսների խնդիր երբեք չի եղել:
Արդյունքում` Գյումրու քաղաքապետարանը ստիպված է խնդրի հետ կապված երկրորդ նիստը հրավիրել երկու կողմերի ներկայությամբ՝ պարզելու, թե ի վերջո երբ են ասֆալտապատվելու քանդված փողոցները: Իսկ թե որտեղ եւ ինչպես են փոշիացվել KfW բանկի տրամադրած գումարները, կքննարկվի այլ հարթությունում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 
ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեկ հետաքրքիր փաստեր է հրապարակել, թե ինչ է սպասվում ՀՀ-ում Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու դեպքում:
Ըստ այդմ՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված են Հայաստանում եւ ՄՄ կամ ԵՏՄ երկրներում 115.553 անուն ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսային դրույքաչափերի ցանկը: Այս ցանկից պարզ է դառնում, որ ապրանքների 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են Հայաստանից ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, իսկ 14 տոկոսի դեպքում դրույքաչափերն ավելի ցածր են: Հարկ է նշել, որ Հայաստանը չի ներմուծում բոլոր այդ ապրանքները, իսկ ներմուծվածներից մոտ 25 տոկոսն էլ ներկրվում է հենց ՄՄ երկրներից: Ուստի դրանց գծով որեւէ գնային փոփոխություն չի լինի:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մոտ 900 անուն ապրանքները: Ըստ Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանի` Հայաստանի եւ ՄՄ միջեւ ձեռք են բերվել համաձայնություններ այդ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ բոլոր ապրանքները Հայաստանի համար թանկանալու են: Բանակցությունները բացառապես ժամկետների շուրջ են: Դիտարկելով ՀՀ ներմուծվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը եւ համեմատելով դրանց մաքսատուրքերի դրույքաչափը` կարելի է տեսնել, որ բազմաթիվ ապրանքների թանկացումներն անխուսափելի են:
Նշանակելի թանկացումներ կլինեն դեղերի շուկայում: 2013թ. Հայաստան է ներմուծվել մոտ 110 մլն. դոլարի դեղորայք, ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5 տոկոս: Քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից, ապա ակնհայտ է, որ դրանց գինը կբարձրանա առնվազն 8 տոկոսով: Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, եւ 2013թ. ներմուծվել է 40 մլն դոլարի շաքարավազ: ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքով շաքարավազի մաքսազերծումը շուրջ 4 անգամ թանկ է: Հայաստանը շաքարավազ ներմուծում է գերազանցապես Բրազիլիայից, Ուկրաինայից: Հետեւաբար դարձյալ գնի զգալի բարձրացում կնկատվի:
Թռչնամսի համար Հայաստանում մաքսատուրքը 10-ը տոկոս է, ԵՏՄ-ում՝ 25: Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 50 մլն. դոլարի թռչնամիս:
Թանկանալու են թվով 7000 անուն ապրանքներ՝ անգամ զուգարանի թուղթը, որը ներկրվում է Լեհաստանից, Չինաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից: Առավել զգալիորեն կթանկանան ավտոմեքենաները: ՀՀ-ում ռուսական ավտոմեքենաների համար գործում է զրոյական մաքսատուրք, արտասահմանյան մեքենաների համար՝ 10 տոկոս, իսկ ԵՏՄ-ում ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը սկսվում է 25 տոկոսից, որոշ դեպքերում մաքսատուրքը հաշվում է ըստ ավտոմեքենայի շարժիչի ծավալի, եւ կարող է կազմել արժեքի ընդհանուր ծավալի մինչեւ 200 տոկոսը: Այսինքն՝ եթե այժմ 10-15 տարվա մեքենան ՀՀ ներմուծելիս վճարում ենք դրա արժեքի 42 տոկոսը, ապա ԵՏՄ մտնելուց հետո այդ թիվը կարող է հասնել 230 տոկոսի:

 

 




Լրահոս