ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁՈՒ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ որոշ գործարարներ պատրաստվում են հայտ ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հավկիթ ներկրելու առաջարկով: Գործարարների այս ցանկությունը խուճապ է առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների մոտ: Բանն այն է, որ տեղական արտադրողները չեն դիմանա ներկրողների մրցակցությանը: Այս առիթով նրանք պատրաստվում են 2-3 դրամով նվազեցնել մատակարարման գները, որպեսզի գոնե այս կերպ կանխեն հավկիթի ներկրումը: Նրանք վստահեցնում են, որ իրենց արտադրանքով կարող են բավարարել ձվի ներքին շուկայի պահանջարկը: Այս հարցով «Ժողովուրդ»-ին են դիմել մի շարք տեղական արտադրողներ, որոնց անուններն առայժմ չենք հրապարակում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս տեղական արտադրողները հանդիպել են այն գործարարների հետ, որոնք պատրաստվում են ձու ներկրել: Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս հայաստանցի ձու արտադրողները բախվեցին այս խնդրին, ինչի արդյունքում խոշոր չափի վնասներ կրեցին եւ պարտքեր կուտակեցին: Եւ որպեսզի արդեն ծանոթ այս անցանկալի սցենարի կրկնությունը կանխվի, ձու արտադրող ընկերությունները պատրաստ են նույնիսկ հավկիթի մատակարարման գները 2-3 դրամով նվազեցնել:
Սակայն առայժմ տեղական արտադրողներին դա չի հաջողվում: Ի դեպ, ձու ներկրել պատրաստվող գործարարները մտադիր են ներքին շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծել, որպեսզի սպառողին ցույց տան, որ տեղական արտադրողներն ունակ չեն ապահովելու ներքին շուկայի պահանջարկը, եւ դեֆիցիտը վերացնելու համար պետք է ձու ներկրել:
Իսկ ահա տեղական արտադրողները շարունակում են պնդել, որ կարող են ներքին շուկան ձվով ապահովել եւ այն պահել մինչեւ տարեվերջ:
«Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքա՞ն հավկիթ է ներկրվել Հայաստան եւ ո՞ր երկրից: Ի պատասխան մեր հարցմանը ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը տեղեկացրեց. «Այս տարվա մարտից մինչ օրս հավկիթ ներկրվել է Իրանի Հանրապետությունից մեկ անգամ՝ սեպտեմբերի 21-ին, 308 հազար 880 հատ»: Նրա տեղեկացմամբ` ձու ներկրելու հայտ ներկայացրել է ընդամենը մեկ ընկերություն, իսկ թե կոնկրետ ո՞ր ընկերությունը, ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակը հրաժարվեց նշել:
Ամեն դեպքում, մեզ հետ զրույցում տեղական արտադրողները շեշտեցին, որ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ` թույլ չտալու համար, որ անգամ մեկ հատիկ ձու ներկրվի:
Նկատենք, որ ձվի շուկան եկամտաբերներից է համարվում: Չմոռանանք, թե Հայաստանում մի քանի տարի առաջ ձուն որքան արժեր եւ ինչ արժի հիմա: Եւ ամեն անգամ, երբ ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի մասին տեղեկություններ է հրապարակում, ձուն ներկայացվում է՝ որպես արագ եւ կտրուկ գնաճի ենթարկված սննդատեսակ: Այսօր շուկայում մեկ ձվի գինը 70-75 դրամի սահմաններում է տատանվում:
Այնուամենայնիվ, ի՞նչ հետեւանքներ կունենա նոր խաղացողի հայտնվելը ձվի շուկայում: Նախ՝ ձուն արագ փչացող սննդատեսակ է, ինչը նշանակում է, որ այս սննդատեսակի ներկրումը վատորակ ապրանքով խանութները հեղեղելու ռեալ ռիսկեր է պարունակում: Այս կապակցությամբ հիշեցնենք միայն, որ նախորդ տարի ՀՀ մի շարք մարզերում վաճառվում էին ժամկետանց ներկրված հավկիթներ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ բարձրաձայնեց, ինչի արդյունքում ներքին շուկայից ի վերջո դուրս բերվեց ժամկետանց հավկիթի խմբաքանակը:
Սակայն նկատենք, որ գործարարների համար ավելի եկամտաբեր է ձու ներկրելը, քան արտադրելը: Տարիներ առաջ նույնիսկ ընկերություններից մեկի սեփականատերը հայտարարեց, թե ներկրվող ձվի ինքնարժեքը շատ ավելի էժան է, քան տեղում թանկ գնով ձեռք բերված, ցորենով կերակրված հավի տված ձուն:
Այնուամենայնիվ, սպառողը պետք է ինքը որոշի՝ գնե՞լ ներկրված, բայց վիճելի թարմությամբ ձու, թե՞ տեղական, որն, ի դեպ, երբեմն էլի ներկրված է լինում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԽՆԴՐԱՆՔ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

Վերջին ամիսներին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության եւ եզդիների սրբավայրերի ոչնչացման գործընթացը կասեցնելու նպատակով ռազմական աջակցության խնդրանքով ՀՀ եզդիների անունից ԱՄՆ նախագահին բաց նամակ է գրել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

ԱՄՆ նախագահ Պարոն Բ. Օբամային, Մեծարգո՛ Նախագահ,
Դուք համարվում եք աշխարհի հզորագույն երկրներից մեկի ղեկավարը, այսօր Իրաքի հյուսիսային մասում, որը համարվում է մեր բնօրրանը, մեկ միլիոնից ավել եզդիներ հալածվում եւ ցեղասպանության են ենթարկվում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ եզդիները համարվում են արեւապաշտներ, ովքեր դարեր ի վեր հալածվել են մուսուլմանության կողմից եւ փրկությունն ու հույսը որոնել են եւ գտել քրիստոնեական աշխարհում:
Ինչեւէ, 500.000-ից ավել եզդիներ, թողնելով իրենց պատմական բնակավայրերը, ունեցվածքը, տալով մեծ թվով զոհեր, դարձել են փախստականներ ու գտնվում են ինչպես Իրաքից դուրս, այնպես էլ՝ Իրաքի հյուսիսային մասի՝ Զախոյի, Դոհուկի, Խամկեի եւ այլ տարածքներում, որոնք երկար ժամանակ չեն կարող գոյատեւել առանց սննդի, հագուստի ու համապատասխան հնարավորությունների: Հատկանշական եւ շատ կարեւոր է նշել, որ մոտենում է ձմեռը, ու նրանք ապահովված չեն, իրենց փրկության միակ հույսը կապում են հատկապես Ձեզ հետ: Եթե հնարավոր է՝ հումանիտար օգնություն տրամադրել եզդի փախստականներին, նրանց ապահովել համապատասխան իրերով, որպեսզի կարողանան դիմակայել ձմռան ցրտին, ինչպես նաեւ՝ զինել եւ զինամթերքով ապահովել եզդի մարտիկներին, որոնք մարտնչում են ահաբեկչական խմբավորման դեմ, այսինքն՝ այն զենք-զինամթերքը, որը ուղարկվում է Իրաքի իշխանություններին կամ Իրաքի Քուրդիստանի իշխանությանը, չի ունենում իր արդյունքը, այսինքն՝ մենք խնդրում ենք, որպեսզի զենքն անմիջապես հասցվի եզդի մարտիկներին, որոնք իսկապես կպաշտպանեն իրենց ժողովրդին:
Նշենք, որ եզդի փախստականները չեն ցանկանում վերադառնալ իրենց բնակավայրերը, քանի որ վտանգված է իրենց կյանքը, եւ հետագայում նույնպես կլինեն հարձակումներ նրանց վրա, սակայն նրանք կվերադառնան այդ տարածքներ միայն մի պայմանով, եթե այնտեղ, իհարկե, Ձեր միջամտությամբ, ստեղծվի Եզդիական ինքնավարություն, որը կունենա իր զորքը եւ կկարողանա պաշտպանել տեղի բնակչությանը եւ անմիջապես կլինի Ձեր հովանավորության ներքո:
Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մեր փոքրաթիվ եւ անպաշտպան ժողովրդին ի սպառ ոչնչացումից, գիշատիչ եւ մարդակեր իսլամիստների ձեռքից փրկելու համար:
Մենք Ձեզ ենք հասցնում մեր անօգնական ժողովրդի աղերսանքն ու օգնության խնդրանքը:
Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ
Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության
Միաջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյան

 
ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱԿԱՆ ԷՄԻՍԱՐՆԵՐԸ
Հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու եւ ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին: Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը aravot.am-ին հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին գյուղում հուղարկավորել են ադրբեջանական գերության մեջ մահացած 31-ամյա Կարեն Պետրոսյանին: Ուշագրավ է, որ Պետրոսյանի հոգեհացի ավարտից հետո՝ ժամը 16-ից մինչեւ 17-ը, ազերի դիպուկահարը կրակել է գյուղի անասնապահի վրա, որը ստիպված թաքնվել է Չինարիի ծայրին գտնվող Ֆելիքս Մակարյանի տանը: Ազերիների կրակից վնասվել է Ֆ. Մակարյանի տան պատը, բակում գտնվող հացի փուռը:

 




Լրահոս