ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել է, որ Էբոլա տենդի դեմ պետք է պայքարել նրա հայտնվելու և ակտիվ տարածման վայրում՝ Աֆրիկայի արևմուտքում: Նա հավելել է, որ հասարակ ամերիկացիների համար վարակվելու վտանգը մինիմալ է: Չնայած դրան՝ քաղաքական գործիչներից շատերը նրան առաջարկել են փակել մուտքը երկիր աֆրիկացիների համար և դադարեցնել ավիափոխադրումներն աֆրիկյան երկրներ:
Այս տեսակետի կողմնակիցների թվում է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը: «Ես սկսում եմ մտածել, որ նախագահ Օբաման լուրջ խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ: Ինչո՞ւ չարգելել թռիչքները: Խելագար», – գրել է գործարարը twitter-ի իր էջում:
Դրանով Տրամպը չի բավարարվել և շարունակել է քննադատել Օբամային նաև լրատվամիջոցներում: Հեռուստածրագրերից մեկում ելույթ ունենալով՝ գործարարն ասել է նախագահի մասին. «Նրա մոտ ինչ-որ բան այն չէ, սակայն ոչ ոք չի հասկանում, թե ինչը: Նա այնքան վատ որոշումներ է կայացնում: Ինչպես կարելի է այդքան ոչ կոմպետենտ լինել: Իսկապես ինչ-որ բան այնպես չի գնում», – մեջբերում է Տրամպին Huffington Post-ը:
Հիվանդությունների տարածման վերահսկման ամերիկյան կենտրոնում համարում են, որ սահմանների փակումը չի օգնի Էբոլայի դեմ պայքարւմ: