ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՔ ՄԻՇՏ ԵՆ ՍԻՐԵԼ»

Հայաստանում վերջին տարիներին բավականին տարածում ստացած ռոք երաժշտության առաջամարտիկներից է «Դորիանս» խումբը: Գոռ Սուջյանը 2008թ-ից «Դորիանս» խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում: 2013 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Գոռ Սուջյանը ներկայացրել է Հայաստանը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչի հետ հայաստանյան ռոքի առանձնահատկությունների, այս երաժշտական ոճը նախընտրողների եւ դրա տարածվածության մասին:
-Գո՛ռ, Հայաստանում ռոք երաժշտությունը գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Ըստ Ձեզ` ինչով է դա պայմանավորված: Ռոքը ժամանակի պահա՞նջ է, ռոք երաժշտություն լսելն ինչ-որ առումով նորաձե՞ւ է, թե՞ պարզապես նախընտրելի երաժշտական ոճ:
-Ռոքը երաժշտական ոճ է, որն ունկնդիրը կարող է կա՛մ նախընտրել, կա՛մ էլ` ոչ: Ռոք երգելու համար ձեւականություններ պետք չեն, պարզապես հարկավոր է երգել քո նախընտրած ոճի երգ: Միայն այդքանը: Պետք է հոգուցդ բխի: Նորաձեւությունն ու ռոքը տարբեր բաներ են: Նորաձեւ կարող են լինել փոփ երաժշտությունը, երաժշտական այլ ոճեր, բայց ոչ երբեք՝ ռոքը: Ռոքը վաղուց կա, եւ երաժշտական այս ոճը պետք չէ համեմատել նորաձեւության հետ: Իսկ այն հանգամանքը, որ ռոքը նոր է սկսել ավելի տարածվել, այլ բան է: Չնայած պետք է նշեմ, որ մեր հասարակությունը դեռեւս 60-ականներից սկսած է լսում ռոք երաժշտություն: Եղել են բազմաթիվ հայտնի խմբեր, որոնց կատարումները սիրել ու սիրում են մեր երաժշտասերները:
-Հայկական ռոքի հայտնի ներկայացուցիչներից եք: Ձեր գնահատմամբ` հայկական ռոքը ո՞վ է լայն հասարակությանն ավելի հասանելի եւ սիրելի դարձնում:
-Հայ հասարակությունը միշտ է լսել ռոք երաժշտություն, սակայն վերջին շրջանում ավելի է տարածում ստացել ռոքը. ռոք խմբերը շատացել են, հասարակությունն էլ ավելի պահանջկոտ է դարձել, եւ նախընտրություններն էլ են փոխվել: Կան բազմաթիվ ռոք խմբեր եւ կատարողներ, որոնց մասին կարող եմ նշել: «Բամբիռ» խումբն օրինակ: Իրականում չեմ ցանկանում անվանական խոսել այդ կատարողների մասին, բայց նշեմ, որ բավականին շատ են որակյալ ռոք երաժշտություն տարածողները: Միայն պետք է հատուկ տեղում նշեմ հայտնի «System of a Down» խմբին: Այս խումբը հայի ու հայկականության մասին ռոք երաժշտության օգնությամբ խոսում է աշխարհի ամենատարբեր ծայրերում:
-Ցանկացած երաժշտական ոճ ունի իր նրբությունները, կատարողական առանձնահատկությունները: Ինչպես կատարումն է ենթադրում գրագիտություն, այնպես էլ ընկալումը պետք է համարժեք լինի: Մեր ռոքասերները «գրագե՞տ» են:
-Եթե ռոք է լսում ունկնդիրը, նշանակում է՝ հասկանում է: Հենց այնպես հնարավոր չէ ռոք լսել: Իրականում լավ է, որ երաժշտական զանազանություն կա: Այդ համատեքստում մարդիկ կարող են ավելի շատ կողմնորոշվել եւ ընտրել իրենց նախասիրած երաժշտական ոճը: Ռոքի դեպքում ոչ միայն նախընտրությունից է կախված, այլեւ՝ ընկալողականությունից:
-Զանազանությունը երբեմն հանգեցնում է անճաշակության տարածման…
-Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչ լսի: Եթե այդպիսի երգեր լսում են, նշանակում է՝ պահանջը կա: Պետք չէ որակումներ ու պիտակներ տալ երաժշտական ոճերին: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հաստատուն տեղ ու դեր կունենա: Անշուշտ, շատ ավելի լավ կլինի, որ որակյալ երաժշտությունը գերակշռի, բայց ոճային զանազանություն էլ է պետք: Հասարակությունն ինքը պետք է որոշի, թե ինչ ոճի երաժշտություն է լսում: Ընտրությունը մեծ է, թող յուրաքանչյուր ունկնդիր ինքնուրույն որոշի նախընտրությունները, իսկ որակյալ երաժշտությունը միշտ էլ կայուն լսարան ունի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

«ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):
Չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է մասնակցել ռուսական եւ միջազգային տասնյակ փառատոնների: «Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների եւ մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության եւ արվեստի մասին է:
«Բրեմենյան երաժիշտները» հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր, երկու ներկայացմամբ:

 

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում «Էրգրի համի հիշողություն» հայկական ուտեստի փառատոնի շրջանակում հոկտեմբերի 18-ին կանցկացվի «Լավաշի եւ հայկական ուտեստի փառատոն»: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ՝ ընդգրկելով մարզի ընտանիքներին, կրթական եւ հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրվել են մարզի համայնքներում ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակներ՝ հատկապես հացամթերքով եւ բուսական բաղադրությամբ ճաշատեսակներ, ընտրվել են դրանց պատրաստման գաղտնիքներին տիրապետող կանայք, ովքեր եւ իրենց գործուն մասնակցությունը կբերեն փառատոնին:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականը Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի, փառատոնի մասնակիցները ներկա կգտնվեն համայնքի հարգարժան ընտանիքներից մեկի ոսկե հարսանիքին, ականատես կլինեն լավաշի եւ այլ հացամթերքների պատրաստմանը, որոնք կհամտեսվեն գյուղական ընտանիքի հացատանը՝ թոնրի շրթին: Մասնակից համայնքները, դպրոցներն ու հասարակական կազմակերպությունները կներկայացնեն ազգային, ավանդական ճաշատեսակներ, աղանդերներ եւ քաղցրավենիքներ:

 
ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ՍՈՆԱՆ
«Իմ էքսցենտրիկ էությունը» այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա նկարահանվել է Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակը: Այն նկարահանվել է Աբովյան քաղաքի գործարաններից մեկում: Տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, ում հետ երգչուհին առաջին անգամ է համագործակցում, իսկ օպերատորն Արամ Խաչատրյանն է:
Ռեժիսորի խորհրդով Սոնան ընտրել է սեւ զգեստ եւ ոսկեգույն զարդեր: Այս տեսահոլովակում երգի վերնագրին համահունչ` երգչուհին ի ցույց է դրել իր էքսցենտրիկ էությունը:

 

ՏԱՐԵԴԱՐՁՆ Է ՆՇԵԼ
«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բարի լույս, հայեր»-ի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը հոկտեմբերի 13-ին տոնեց իր ծննդյան 38-ամյակը: Նա տարեդարձը նշել է Հայաստանի սահմաններից դուրս, սակայն՝ հարազատների շրջապատում: Հաղորդավարուհին տոնական օրն անցկացրել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Գայանեի մտերիմներն օրվա կապակցությամբ մատուցել են բազմաթիվ անակնկալներ: Որդին` Ալեքսանդրը, մայրիկին ջերմ ու ամուր գրկախառնությամբ է շնորհավորել: Հետաքրքիր անակնկալ են մատուցել մտերիմները. տորթ են պատվիրել, որի վրա պատկերված են եղել «Բարի լույս, հայեր»-ի տաղավարը, տեսախցիկ եւ ինքը` Գայանեն:

 

ԲՌՆԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԲՈՒՐՎԵԼԻՍ
Ինչպես արդեն հայտնի է` սեպտեմբերին արքայազն Հարին ավտովթարի էր ենթարկվել Լոնդոնի կենտրոնում, որի մասին գրեցին բրիտանական գրեթե բոլոր պարբերականները: Այժմ Հարիին «բռնացրել են» անհայտ շիկահերի հետ համբուրվելիս: Ճիշտ է՝ դեռեւս լուսանկարներ չկան, բայց կան շատ ականատեսներ, ովքեր պատմել են այդ մասին: Ինչպես հայտնել է People-ը՝ ընկերների հետ ընթրելիս՝ Հարին իր նոր սիրուհու հետ տեղափոխվել է հարեւան բարը: Անծանոթուհին, ում հետ այդ երեկո մտերմիկ զրուցել ու համբուրվել է արքայազնը, նույնպես նրա ընկերական շրջապատից է եղել:

 

 




Լրահոս