ԵՐԿՐԻ ՊԱՐՏՔՆ ԷԼԻ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է 711 միլիոն դոլար նոր վարկ վերցնել: Գումարը կտրվի երեք տարվա ընթացքում: Ըստ Ճշմարիտյանի, ներկայումս Հայաստանի արտաքին պարտքն ավելի քան 4 միլիարդ դոլար է: Եւ արտաքին պարտքի մարման պիկն արդեն անցել է (2012-2013 թվականներ): Այսինքն՝ Ճշմարիտյանի համար նորմալ է այն փաստը, որ Հայաստանը պաշտոնապես իր տարեկան համախառը ներքին արդյունքի մոտ 50 տոկոսի չափով պարտքեր ունի: Ավելին՝ ոչ պաշտոնապես այդ պարտքը շատ ավելի մեծ է: Պաշտոնական թվերում ներառված չեն Հայաստանի երբեմնի քիմիական գիգանտների` «Նաիրիտի» եւ «Վանաձորի քիմպրոմի» պարտքերը, որոնց ստույգ թիվը չի հրապարակվում, սակայն, որոշ գնահատականների համաձայն, երկուսի պարտքը միասին կազմում է մոտ 1 միլիարդ դոլար:
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակն այլեւս սպասում է Սերժ Սարգսյանի հաստատմանը: Իսկ թե ե՞րբ տեղի կունենա դա եւ ընդհանրապես տեղի կունենա՞, դեռեւս պարզ չէ: Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում արձանագրել է. «Համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»: Եթե ԱԺ վեց խմբակցություններից չորսը սահմանադրական փոփոխություններին կողմ լինեն, ապա իշխանությունները կարող են հայտարարել, որ կոնսենսուսն առկա է: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը հայտարարի, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, բայց գործընթացը նախաձեռնել է, քանի որ ընդդիմությունը պահանջում էր անցնել խորհրդարանական կառավարման: Իսկ այժմ նույն կուսակցությունները դեմ են այդ փոփոխություններին, ուստի ինքը որոշել է գործընթացը կանգնեցնել:
ՀՀ ոստիկանության համակարգի 38 քննիչներ տարբեր պատճառներով չեն տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ նրանց մի մասը ցանկացել է ծառայությունը շարունակել ոստիկանության համակարգում. «Ոմանք օգտվել են երկարատեւ ծառայության կենսաթոշակի անցնելու իրենց իրավունքից, ոմանք էլ չեն նշանակվել՝ հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նրանց նկատմամբ քննվող քրեական գործերի առկայությունը, դեռեւս ոստիկանության համակարգում իրականացված ծառայողական քննությունները, իսկ ոմանք էլ դիմում են գրել՝ գիտակցելով, որ չեն համապատասխանում ներկայացված պահանջներին»:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ մշակույթի նախարարությունների միջեւ հակամարտություն է հասունացել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է գումարներ տրամադրել, ինչի հետեւանքով «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, 2014թ. մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից 18 միլիոն 999 հազար դրամ գումար բռնագանձել: Կհաղթի, թե ոչ, դժվար է ասել:
ԲԱ ՐԱՖՖԻ՞Ն
Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջեւ ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեեւ իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն:
Դեռ հանրահավաքի օրը Ռուսաստանի դեմ չխոսելու «սուրբ սկզբունքը» խախտած Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի հրապարակային պարսավանքին, իսկ նրա դիրքորոշումն էլ որակվեց որպես «անպատասխանատու» մարդու «զավեշտի վերածվող ջղաձգում»: Ու որքան էլ Հովհաննիսյանը հայտարարի, թե ինքը չի վիրավորվել Տեր-Պետրոսյանի այս որակումներից, ակնհայտ է, որ դրանից ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները, մեղմ ասած, չեն ջերմացել: Եթե չասենք, որ դրանք հետզհետե խորացող ճաքեր են տալիս, որոնք դրսեւորվում են Հովհաննիսյանի` միասնական օրակարգ չունենալու փաստը բացահայտող հարցազրույցով, ապա` կարկառուն ժառանգական Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի գործունեությանն ուղղված ջախջախիչ քննադատությամբ:
Սակայն միայն ՀԱԿ-ի հետ չէ, որ անամպ չեն «Ժառանգության» հարաբերությունները: Որքան էլ դա փորձ արվի քողարկել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ակնհայտ վերապահումով են վերաբերվում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ում: Դրա հերթական, թերեւս ակամա, դրսեւրումներից էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, վերջին շրջանում Ծառուկյանի առանձնակի վստահությունը վայելող Ստեփան Մարգարյանի՝ երեկ «Ազատությանը» տված հարցազրույցը: ԲՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ինչու Ծառուկյանը չխոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, ասում է հետեւյալը. « Ինչո՞ւ ոչ այդ օրը… բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը: Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ»: ԲՀԿ-ական պատգամավորի այս պարզաբանումից հետո դժվար է չհարցնել, բա Րաֆֆին՞, ի՞նչ է, Րաֆֆին այլեւս հաշիվ չէ՞: Չէ որ այդ հանրահավաքում բացի Տեր-Պետրոսյանից, խոսեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ այն, որ նրա խոսքն ի սկզբանե արդեն ԲՀԿ-ում չի արժեվորվել, որտեղ քննարկումների արդյունքում որոշվել է,որ պետք է պահել ազդեցիկ առաջնորդների` Տեր-Պետրոսյանի եւ Ծառուկյանի խոսքի հերթականությունը, ցույց է տալիս, որ ԲՀԿ-ում, փաստորեն, Րաֆֆուն վերապահել են «պիտուշոկի» դեր:
Եվ որքան շուտ սա գիտակցի «Ժառանգության» առաջնորդը, ով ի դեպ, ընդամենը մեկուկես տարի առաջ Ազատության հրապարակը լցրել էր շատ ավելի հոծ ժողովրդով, այնքան ավելի լավ թե՛ իր` Րաֆֆու, եւ թե՛, առաջին հերթին, այդ նույն ժողովրդի համար: