ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՍԿԱՆԴԱԼ ՉՓՆՏՐԵԼ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Արցախի եւ Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությունը: Վարչապետը նշեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում նաեւ Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր գնահատմամբ` Հայաստանին ի՞նչ կտա ԵՏՄ-ին անդամակցությունը: Այս ամիսների ընթացքում անընդհատ խոսվում էր տարբեր ակնկալիքների մասին, սակայն կոնկրետ հստակ օգուտների մասին առայժմ որեւէ բան չի ներկայացվել:
-Կարծում եմ՝ այդ հարցին ավելի ձեռնահաս մարդիկ պետք է պատասխանեն, ովքեր անմիջականորեն ուսումնասիրել են հնարավորություններն ու ռիսկերը: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ մի շարք առանցքային ապրանքատեսակների գների նվազում կարձանագրվի, իհարկե, որոշների գների բարձրացմանը զուգահեռ: Բացի դա, ԵՏՄ մեծ շուկան ավելի արտոնյալ պայմաններով կընդունի արտահանվող հայկական ապրանքները, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա տեղական արտադրության համար:
-Չնայած այն բանին, որ անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, օրերս հրապարակված պայմանագրի տեքստից պարզ դարձավ, որ նման մաքսակետի տեղադրումն, այնուամենայնիվ, պայմանագիրը ստորագրած երկրի ստանձնած պարտադիր պարտավորությունն է: Ինչպե՞ս է ԼՂՀ կառավարությունն ընդունում այս իրողությունը, եւ ի՞նչ եք պատրաստվում անել: Ի վերջո, դնելո՞ւ եք մաքսակետ, թե՞ ոչ:
-Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու: Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ եւս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է եւ անհնար է:
-Դուք պնդում եք, որ մաքսակետ չի լինելու, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարել է, թե այդ մաքսակետը լինելու է, բայց ձեւական: Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նախօրեին շեշտեց, որ պայմանագրում ամրագրված դրույթը, թե «պետությունների մաքսային տարածքը, դա իրենց տարածքն է» միանգամայն տրամաբանական է, ասել է թե` նույնքան տրամաբանական է, որքան այս դեպքում ծագում է ՀՀ տարածք չհամարվող ԼՂՀ-ի հետ մաքսակետի տեղադրման հարցը: Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք բացառում մաքսակետի առկայությունը:
-Այո՛, ՀՀ-ն իր տարածքով է անդամակցել, եւ ոչ ոք չի կարող մատնացույց անել որեւէ միջազգային կառույց, որին ՀՀ-ն միացել է ԼՂՀ-ի հետ միասին: Դա տրամաբանական քաղաքական գործընթաց է, որում սկանդալ փնտրելու կարիք չկա:
-Իսկ Ձեր կարծիքով՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպե՞ս է անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա: Արդեն հայտնի է, որ Հայաստանում 7000 անուն ապրանքներ թանկանալու են:
-Որչափ դա ազդի ՀՀ տնտեսության վրա, նույնչափ կազդի նաեւ ԼՂՀ-ի վրա՝ ներառյալ գների աճն ու նվազումը: Ընդհանուր առմամբ, պատրաստ ենք այդ փոփոխություններին եւ առավելագույնն ենք անելու՝ տնտեսության զարգացման ճանապարհին ստեղծվող նոր հնարավորություններից օգտվելու համար:
-Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ, որտեղ հանդիպումներ ունեցավ ԼՂՀ իշխանությունների հետ: Ո՞րն էր այդ հանդիպումների օրակարգը: Նշենք, որ դրանից օրեր հետո ԲՀԿ առաջնորդը ՀՀ-ում մեծ հանրահավաք էր հրավիրել: Արդյո՞ք այդ հանգամանքը որեւէ կերպ քննարկվել է ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում:
-Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ տնտեսական ծրագրերով: Այցի շրջանակներում համաձայնություններ են ձեռք բերվել բարեգործական ու ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ սփյուռքի եւ ՀՀ բազմաթիվ գործարարներ հաճախ են գալիս Արցախ եւ մասնակցություն ունենում նրա զարգացման ընթացքին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից: Այդ տեսանկյունից ողջունելի է բոլորի հատուկ վերաբերմունքն Արցախի հանդեպ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին նախապես մեկիկ-մեկիկ զգուշացրել է, որ անպայման ներկա գտնվեն հանրահավաքին: Սակայն, ինչպես տեսանք, ոչ բոլոր պատգամավորները կատարեցին ԲՀկ առաջնորդի այդ պահանջը:
Հանրահավաքին այդպես էլ չներկայացան ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Արա Արամյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Կարո Կարապետյանը, Վահագն Մախսուդյանը, Մուշեղ Պետոյանն ու Վարդան Օսկանյանը:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ԲՀԿ խմբակցության վերը թվարկված անդամներին հայտնաբերել ցուցարարների, կամ, առավել եւս, հարթակում կանգնածների շրջանում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նշված պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հրահանգը չեն կատարել: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորների մեծ մասն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել միայն ԲՀԿ-ական Արագած Ախոյանի հետ:
-Պարո՛ն Ախոյան, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Դուք ներկա եղե՞լ եք:
-Այո՛, իհարկե, ներկա եմ եղել:
-Ո՞ր հատվածում եք եղել: Մեզ չհաջողվեց հանրահավաքի ընթացքում Ձեզ տեսնել ո՛չ ցուցարարների շարքերում, ո՛չ էլ, առավել եւս, հարթակում կանգնածների կողքին:
-Այնպիսի տպավորություն է, որ քննչական մարմնի ներկայացուցչի հետ եմ զրուցում: Ձեզ հատկապես հետաքրքրում է, թե ո՞ր քառակուսի մետրի վրա եմ եղել: Ես եղել եմ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:
-Ձեզ նախապե՞ս էր հրահանգվել ներկա գտնվել Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին, թե՞ ինքներդ էիք Ձեր կամքով գնացել:
-Գիտեք, չեմ կարծում, որ այդ հարցը լուրջ է: Այս պահին հարմար չէ, չեմ կարող որեւէ ավել մեկնաբանություն անել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՇՏՈՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, արձագանքելով իր՝ փոխվարչապետ դառնալու հավանականությանը, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, եւ ես չեմ լինելու փոխվարչապետ: Բացառում եմ նման բանը»: Իսկ միգուցե այլեւս չե՞ք անդամակցելու ՀՅԴ-ին հարցին Լոքյանն արձագանքեց այսպես. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես չանդամակցեմ Դաշնակցությանը պաշտոն ունենալու համար»:
Հավելենք, որ ամենայն հավանականությամբ Տարածքային կառավարման նախարար կնշանակվի ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ փոխվարչապետի լիազորությունները կստանձնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը:
Ո՞ՒՐ ԷՐ ՆԱ
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի կազմակերպած հավաքին որոշ ԲՀԿ-ականներ ներկա չեն եղել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ պատասխանել այն հարցին՝ հանրահավաքին ինքը ներկա՞ եղել է, թե՞ ոչ: Մինչ այդ բավականին բարյացակամ տրամադրված պատգամավորը, լսելով մեր հարցը, պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա խոսել»:
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն Ամիրյան փողոցում պատահմամբ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով իր օտարերկրացի հյուրերին ուղեկցում էր դեպի «Նոյան տուն» ռեստորան, որը գտնվում է ԱԳՆ-ի հարեւանությամբ: Մինչ նախարարը ճաշում էր իր հյուրերի հետ, այս ընթացքում նրանց ուղեկցող երկու մեքենաների առջեւ փորձեց կայանել մի տաքսի, սակայն ռեստորանի դիմացի ավտոկայանատեղիի աշխատակիցը վարորդից պահանջեց դուրս բերել ավտոմեքենան՝ պատճառաբանելով, որ «ղեկավարները եկել են, կգնան հետո կբերես, կկայանես, իրենք չեն սիրում, որ ավտոներ են լինում»: Տաքսու վարորդը արագ հեռացավ՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար:
180 ՄԼՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ
Այս տարվա Էրեբունի-Երեւանի միջոցառումների կազմակերպման համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 180 միլիոն դրամ: Այս մասին «Ժողովուրդ»-ին ասացին Երեւանի քաղաքապետարանի լրատվականից: Ըստ նույն տեղեկության, Էրեբունի-Երեւանի համար «Երեւան» հիմնադրամից գումար չի հատկացվել: Իսկ քաղաքային բյուջեից հատկացված գումարից 50 միլիոն դրամը ծախսվել է 2796 ընտանիքների սոցիալական օգնություն, էլտեխնիկա նվիրելու նպատակով: Էրեբունի-Երեւանի կազմակերպման համար գումար հանգանակած գործարարների ցանկը եւ նվիրաբերած գումարների չափը, սակայն, շարունակում է մնալ «փակ տեղեկություն», քանի որ քաղաքապետարանի լրատվականից երեկ «Ժողովուրդ»-ին եւս մեկ անգամ պատասխանեցին, որ գործարարների անունները եւ նրանց նվիրաբերած գումարի չափը իրենք չեն կարող ասել: