Չեխիան կաջակցի Արմավիրի մարզի բուժհիմնարկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Վահան Պողոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի ղեկավարած պատվիրակությանը` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ։

Արմավիրի մարզը Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2014թ. Հունվարի 31-ին։ Համագործակցության շրջանակում այս անգամ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում Արմավիրի բարեկամ-գործընկեր երկրամասի բժշկական կազմակերպությունների ղեկավարներ են։ Չեխիայի առողջապահության նախարարի խորհրդականի հետ նրանք եղել են Արմավիրի մարզի մի շարք բուժհաստատություններում և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր են առաջարկում։ Նրանք ցանկություն են հայտնել աջակցել մարզում բժշկական և ախտորոչիչ մեկ կենտրոն արդիականացնելու, միջհիվանդանոցային կապեր հաստատելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու։

Հանդիպման ընթացքում Նորբերտ Սչելոնգը նախ փոխանցեց Չեխիայի առողջապահության նախարարի ողջույնը և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության պատրաստակամությունը։

Հյուրերի խնդրանքով առողջապահության փոխնախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգը` կառուցվածքը, կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, կրթական համակարգը։

Քննարկվեցին նաև Հայաստանում բժշկական ապահովագրական գործող համակարգը, զարգացման հեռանկարները։ Չեխիայի Հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նաև այս ուղղությամբ` թե՛ իրենց փորձը ներկայացնելով, թե՛ գործնական մասնակցություն ունենալով։

Վահան Պողոսյանն առաջարկեց աշխատանքային խմբեր ստեղծել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համատեղ կքննարկվեն և կմշակվեն համագործակցության բոլոր քայլերն ու ծրագրերը։




Լրահոս