
Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Նախարար Երիցյանն ամփոփեց մարզային այցելությունների արդյունքները, նշելով, որ իր գլխավորությամբ ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցչական խումբը եղել է բոլոր մարզերում, այցելել նախարարության բոլոր ծառայությունների մարզային ստորաբաժանումներ, ծանոթացել առկա իրավիճակին և խնդիրներին, ուսումնասիրել ստորաբաժանումների տարածքները և շենքային պայմանները։ Արմեն Երիցյանը ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց շտկել մարզային այցելությունների ընթացքում նշված թերություններն ու բացթողումները` շեշտը դնելով տարածքների բարեկարգման ու նպատակային օգտագործման, անձնակազմի կարգապահության վրա։ Մայիսի 15-ին ԱԻ նախարարը կայցելի Երևանի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներ։