«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը երեկ Հայաստանում էր եւ մասնակցում էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կազմակերպած միջոցառմանը, որն անցկացվում էր «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայի շրջանակներում: Նշենք, որ ՋԱՀ-ի հիմնադիրներից է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ հիմնադրամն ստեղծվել է բոլորովին վերջերս` 2014 թվականի սկզբին:
Ելույթ ունեցան մի շարք հայտնի ջավախահայեր` Աշոտ Մելքոնյան, Սոս Սահակյան, Արարատ Մահտեսյան, Գագիկ Գինոսյան եւ այլք: Նրանց ելույթներից հետո խոսեց նաեւ Յուրի Վարդանյանը, ով նշեց, որ վիրավորված է կազմակերպիչներից, քանզի իրեն տեղյակ չէին պահել այս միջոցառման մասին: Ըստ Վարդանյանի` ինքն ընդամենը երկու օր առաջ Սրբազանի հետ լրիվ այլ թեմայով հանդիպում է ունեցել, ու զրույցի վերջում վերջինս հետաքրքրվել է` Երեւանում հոկտեմբերի 17-ին կազմակերպվող միջոցառմանը Ձեզ չե՞ն հրավիրել: «Ես էլ ասացի` չէ, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել, սրբազան»,-ասաց դեսպանը: Սրբազանին ճանապարհելուց մոտ կես ժամ անց զանգահարում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրը` ջավախահայ գործարար, Գյումրիում Ուկրաինայի Հանրապետության հյուպատոս, «Սովրանո» ընկերության հիմնադիր Սոս Սահակյանը, եւ հրավիրում: Դեսպանը վիրավորված էր նաեւ նրանից, որ իրեն տեղյակ չեն պահել, որ նման հիմնադրամ է ստեղծվել, եւ ինքն այդ մասին այստեղ է իմացել: Սրան ի պատասխան, սակայն, Սոս Սահակյանը, ով հիմնադրամի հիմնադիրներից է եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հայտարարեց, որ իրենք տեղեկացրել են դեսպանատանը, եւ զարմանք հայտնեց, որ նորանշանակ դեսպանը չի իմացել այդ մասին: Այնուհետեւ Յուրի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար թյուրիմացություն է եղել, եւ դեսպանատան աշխատակիցների մեղքով է, որ ժամանակին չի տեղեկացվել: Ելույթի վերջում դեսպանը, սակայն, մոռանալով իր վիրավորանքը, ասաց, որ ինքը` որպես դեսպան, պատրաստ է ամեն հարցով աջակցել Ջավախքին ու ջավախահայությանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: