Հանրապետական կուսակցությունը կարող է համարվել այն յուրատեսակ «դարբնոցը», որն իր հարկի տակ է առնում տարբեր սկանդալների մեջ հայտնված դեմքերի, կուսակցափոխների, սեփական քաղաքական հայացքներն ուրացողների եւ պատեհապաշտների, մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ խորացնում են անսկզբունքայնության եւ ամենաթողության մասին պատկերացումները: Կարելի է ասել` այս ամենը կուսակցության համար «ֆիրմային նշան» է դարձել: Եվ դա է պատճառը, որ շատերն են գալիս այստեղ՝ իմանալով, որ իրենց կհովանավորեն եւ կաջակցեն:
Այդպիսի նկատառումներով ՀՀԿ եկածներից մեկն էլ Վահրամ Մկրտչյանն է, որը, հանուն ապահով հովանավորության, թողել է իր ՀԺԱՄ կուսակցությունը եւ 2012-ից անդամագրվել Հանրապետականին` այս կուսակցության հովանու ներքո դառնալով չափազանց ինքնավստահ: Այդ ինքնավստահության արտահայտություններից մեկն էլ տարադրամի փոխանակման կետի հետ կապված աղմկալի պատմությունն էր, որի գլխավոր գործող անձը հենց Վահրամ Մկրտչյանն էր՝ ԱԺ պատգամավորը եւ «Բարեպաշտ սերունդ» կազմակերպության նախագահը: Բարեպաշտությունը շատ լավ բան է, միայն թե Վահրամ Մկրտչյանը բարեպաշտության տակ այլ բան էր հասկացել…
Ապագա ՀՀԿ-ականը 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ապա ընդունվել ԵՊՀ ասպիրանտուրա: Ճիշտ է՝ ասպիրանտուրան ավարտել է 1988-ին, սակայն ատենախոսությունը պաշտպանել է 1992-ին եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-1990թթ. աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես ավագ գիտաշխատող: Սակայն տեսնելով, որ գիտությամբ չի կարող ընտանիք պահել, աշխատանքի է անցել ՀՀ Պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչությունում՝ միանգամից զբաղեցնելով վարչության պետի պաշտոնը:
Ուշագրավն այն է, որ այդ ժամանակ նա Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի անդամ էր: Թե ինչպես է ընդդիմադիր կուսակցության վարչության քարտուղարը նման պաշտոն ստացել, առեղծված է… Չորս տարի աշխատելով այստեղ՝ այնուհետեւ դարձել է Երեւանի Ջրմուղ կոյուղու «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն: Ի՞նչ գործ ուներ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն ջրմուղի հետ՝ դարձյալ առեղծված է: Ինչեւէ, երկու տարի Ջրմուղի մասնաճյուղի տնօրեն աշխատելուց հետո՝ 2006-ին, Վահրամ Մկրտչյանը վերադարձել է համալսարան եւ դարձյալ ստանձնել ավագ գիտաշխատողի պաշտոնը: Իսկ ահա 2007-ին հիմնադրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն ու դարձել դրա տնօրենը:
Այս ընթացքում Վահրամ Մկրտչյանը նաեւ քաղաքական դաշտում է հետաքրքիր կերպարանափոխությունների ենթարկվել: Ինչպես նշեցինք՝ ի սկզբանե եղել է Վազգեն Մանուկյանի ԱԺՄ կուսակցության անդամ, իսկ ահա 2001-ից անցել է Սեյրան Ավագյանի կողմն ու դարձել ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: Հիշենք, որ այս կուսակցության նպատակն էր Հայաստանում ձեւավորել միջին խավ, այսինքն՝ նոր տիպի ազգային բուրժուազիա, որն օլիգարխիկ հովեր չուներ, սակայն կամենում էր գործարար եւ ֆինանսական դաշտում ուղղորդող լինել: Վահրամ Մկրտչյանն էլ, ըստ ամենայնի, ոգեւորվելով բուրժուազիայի ներկայացուցիչ լինելու գաղափարով եւ 2004-2009 թվականներին լինելով ՀԺԱՄ նախագահի տեղակալ, ապա՝ 2009-2012-ին արդեն ՀԺԱՄ նախագահ, անսպասելիորեն, իսկ գուցե` միանգամայն սպասված կերպով՝ երես էր թեքել այս կուսակցությունից եւ վազել դեպի ՀՀԿ: Դե, չգոյության դատապարտված ՀԺԱՄ-ից ինչ բուրժուազիա կերտող…
Հենց ՀՀԿ-ի քվոտայով էլ պատգամավոր դառնալով՝ նա ցանկանում է միանգամից հարստանալ, չնայած մինչեւ այդ էլ հասցրել էր որոշակի գումար կուտակել եւ իր ցանկություններն իրականություն դարձնելու համար՝ սնանկացնել իր բիզնես գործընկերոջը՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին: Ինչպես ժամանակին գրել է մամուլը, Արտակի հարազատները պնդում էին, որ ամբողջ պատմությունը՝ առեւանգումը, ծեծը, ունեցվածքի խլումը, ապա նաեւ՝ Արտակի կալանավորումը, իրականացվել է Վահրամ Մկրտչյանի, նրա սանիկի՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության բաժնի պետ Արման Սարգսյանի, նրա եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի եւ մի քանի այլ «հաստավիզների» ձեռքով:
Վահրամ Մկրտչյանն Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով անցած տարի մայիսին մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան ու Արտակի հորից պահանջել տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա: Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանը իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը՝ երեկոյան էր Արտակը տուն եկել՝ ծեծված, կապտուկներով եւ արյունոտված շորերով: Տուժողը իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր` եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, եւ ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը եւ երբ ուզի, Արտակին կնստեցնի:
Այդպես էլ եղավ: Քրեական գործ հարուցվեց, բայց նախաքննության որոշակի փուլից գործը շրջվեց Արտակի դեմ, եւ նրան խարդախության մեղադրանք առաջադրվեց: Արտակի կնոջ խոսքով՝ խնդիրն առաջացել էր այն բանից, երբ Արտակին ծեծելուց եւ սպառնալուց հետո Վահրամ Մկրտչյանը խլել էր ինչպես նրա հետ համատեղ ստեղծած տարադրամի փոխանակման կետերը, այնպես էլ մնացած ունեցվածքը, այդ թվում՝ Արտակին պատկանող գրավատունը: Արդյունքում ստացվել էր, որ գրավատանը մարդկանց գրավադրած ոսկիները, գույքն անհետացել էին, ինչի համար էլ մեղադրվել էր Արտակը…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ