Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների: Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրել է Շեյխայի այցելության նպատակը` նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում` օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձ է կատարել հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է Քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասին` Նորին Սրբությունը նշել է, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ և բարեկամությամբ և որ դարերի ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:
Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների միջև դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Քուվեյթի հայկական համայնքին՝ գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարևոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայի՝ Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Քուվեյթի Էմիրին և իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց նաև Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար` ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից: Հանդիպման ընթացքում Շեյխա Ֆարիհան ուրախություն է հայտնել Հայաստան և մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաև անդրադարձել է Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարևոր դերակատարությանը: