Как вам не стыдно?. «Ոսկու շուկա»-ի Վաղարշը` լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասով հարուցված քրգործը կարճվել է, քանի որ նրա գործողություններում հանցակազմ չկա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վաղարշ Աբրահամյանի հետ:

-Դուք արդեն ստացե՞լ եք ծանուցումը, որ հանցագործ չեք, թե՞ մամուլի հրապարակումներից եք տեղեկացել, որ չեք պատժվի:

-Տեղյակ չեմ: Երեւի կստանամ, եսիմ: Բայց ի՞նչ էր եղել, որ ինչը կարճվեր: Ա՛յ մարդ, ըսենց բան կլինի՞, չեն թողնում՝ մարդիկ աշխատեն: Չե՞ն ասում 500 մլն դրամ ամսեկան հարկ է տալիս էս մարդը, ջղայնացել, իրա սեղանը քաշել ա էս յան: Ո՞ւմ եմ վիրավորել, էս ի՞նչ բան է:

-Անակնկա՞լ էր Ձեզ համար այդ որոշում, թե՞ ի սկզբանե գիտեիք, որ քրգործը կարճվելու է:

– Հիմա ի՞նչ կարեւոր է: Ես էլ էս քանի օր է՝ չէի քնում:

-Դուք հարցաքննվե՞լ եք Ձեր դեմ հարուցված քրգործի շրջանակներում:

-Մեռա գրելով, այ մարդ, թանաքս պրծավ: Ի՞նչ է եղել, մի սեղան է շարժել եմ, ինչ ենք արել, հա՛յ, հա՛յ:

-Անկեղծորեն ասեք՝ չե՞ք զղջում, որ քաղաքացու ունեցվածքը կոտրել եք:

-Իմն էր այդ գույքը:

-Պարո՛ն Աբրահամյան, եթե վաճառականները նորից սկսեն բողոքի ակցիաներ կազմակերպել, Դուք նորի՞ց նման կերպ կվարվեք:

-Ես էլ կմիանամ իրենց, ես էլ եմ բողոքելու: Ես իրենց ուղղորդելու եմ Հանրապետության հրապարակ: Անպայման, առաջինը ես եմ լինելու ու սպիտակ գույնի դրոշակով կգնամ, կհանձնվեմ:

-Ո՞ւմ եք հանձնվելու:

-Մեր ընտիր կառավարությանը, որ ամեն ինչ անում է՝ մեր հասարակության լավ աշխատելու համար: Ուղղակի հերոսական աշխատանք են կատարում: Բայց իմ վիճակն է ծանրացել: Ես միտինգ եմ անելու:

-Ինչո՞ւ:

-Անհավասար պայմաններ է ստեղծված այս շուկայում: Ես ավելի վատ վիճակում եմ, քան այս ժողովուրդը, որ ոսկու առքուվաճառքով է զբաղված: Արտասահմանից զարդը ներկրում եմ, 32 տոկոս սահմանի վրա հարկվում եմ, ինձ այս պետությունը թալանում է: Այս բառը խնդրում եմ մուգ գրեք, որ երեւա կամ կարմիր թանաքով: Իրենք գողացած, ծոցերը մտցրած, բերում են 10 տոկոս ավելով ծախում են, իրենցը ծախվում է, իմը՝ չէ: Ես էլ՝ բանկրոտ եմ ընկնում: Իրենք էլ լկտիանում են, ու ինձ ասում են՝ թանկ ես ծախում: Իրենք լկտիացել են: Իրենցով պետք է համապատասխան մարմինները զբաղվեն:

-Ովքե՞ր: Անուններ կարո՞ղ եք նշել:

-Ովքեր ապօրինի, առանց փաստաթղթի աշխատանք են կատարում, բերում են ու վաճառում են, բայց հարկ չեն ուզում տալ պետությանը: Ես չգիտեմ նրանց անունները:

-Պարո՛ն Աբրահամյան, տեղեկություններ կան, որ Դուք հեռախոս եք նվիրել այն կնոջը, ում սեղանը կոտրեցիք բողոքի ակցիայի օրը: Ավելին՝ այս միջադեպից հետո Դուք սկսեցիք բարեհամբույր վերաբերվել Ձեր վաճառականների հետ: Հաջողվե՞ց մեղմել Ձեր վարձակալների զայրույթը:

-Ինչի՞, չունե՞ր ինքը հեռախոս: Ես տեղյակ չեմ: Գոնե մի սիրունատես աղջիկ էլ լիներ, ա՛յ մարդ: Կինս իմանա, մանթո կընկնի:

-Իսկ տեսանյութից հետո որեւէ պաշտոնյա չկանչե՞ց Ձեզ` նախատելու:

-Անհարմար վիճակի մեջ եմ ընկել. բոլորն ամոթանք են տալիս: Ասում են՝ էսի անելու բանա, քեզ չի սազում, դու հավասարակշռված, Փարիզում դաստիարակություն ստացած մարդ ես, էտի անելու բան էր, որ արեցիր: Գոնե մի հատ հայհոյեիր, ջղայնությունդ կիջներ: Փարիզում եմ ես ծնվել:

-Կոնկրետ ովքե՞ր են ամոթանք տվել:

-Ինչքան մարդ կա ինձ ծանոթ ու անծանոթ, բոլորն էլ անհարմար վիճակի մեջ են ինձ գցում:

-Բայց Դուք հիմա զղջո՞ւմ եք Ձեր արածի համար:
-Այ աղջիկ ջան, ի՞նչ եմ արել, որ զղջամ:

-Քաղաքացուն վիրավորել եք, կոտրել նրա գույքը, խոչընդոտել:

-Իմ սեղանն է եղել: Как вам не стыдно?: Իր ունեցվածք չուներ մեջը: Վաճառականները, սովորաբար, մասաժ անող բարձեր են դնում իրենց տակները, այդ սեղանի մեջ դրանից կար:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս