Եկեղեցի չունեցող Դիլիջան քաղաքի քահանային օրերս պարգեւատրել են քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով: Հայաստանում մեծ եւ փոքր ցանկացած քաղաք եկեղեցի ունի, իսկ ավելի քան 15 հազար բնակիչ ունեցող զբոսաշրջային կենտրոն Դիլիջանը, որտեղ նաեւ միջազգային դպրոց է գործում, ոչ:
Հոկտեմբերի 4-ին նշվել է Դիլիջանի 470-ամյակը, անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրել է Դիլիջանի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին: Վ. Զոնաբենդը Դիլիջանի կրթամշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 3-ի որոշմամբ արժանացել է նաեւ Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն է, Ռուբեն Վարդանյանի կինը: Դիլիջանի միջազգային դպրոցում այժմ սովորում է 97 հոգի, որից 9-ն է ազգությամբ հայ:
Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, ավագանու որոշմամբ համայնքի հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար քաղաքապետարանի ոսկե մեդալին արժանացած Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում ժամանակավոր եկեղեցու վերածված «Թուֆենկյան» թանգարանի սենյակներից մեկում: Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը նախկինում տեղեկացրել է, որ ամերիկահայ (այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն անցած 8 տարում եկեղեցու շինարարությունը չի սկսվել, թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ:
Ոսկան Սարգսյան