Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի “Օրինակելի մայր” բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով աստվածահաճո գործ է կատարում՝ թեթևացնելով մարդկանց հոգսերը: Նախագահն ընդգծել է, որ առհասարակ շատ բարձր է գնահատում բարեգործությամբ զբաղվող մարդկանց գործունեությունը և կարծում է, որ ոչ միայն Քուվեյթի ժողովրդի, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների կողմից շեյխուհի Ֆարիհայի նկատմամբ մեծ հարգանքն ու ակնածանքը, իրոք, հիմնավոր ու տեղին են: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-քուվեյթական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների խորը հարգանքի և փոխվստահության վրա: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ շեյխուհու այցը Հայաստան նոր էջ կբացի հաստատուն կերպով զարգացող երկկողմ հարաբերություններում: Նշելով, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և շեյխուհի Ֆարիհային՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, ջերմ և բարյացկամ վերաբերմունքի համար:
Հանդիպում նախագահականում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ