Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16-ից 17-ը, ադրբեջանական զինուժը դարձյալ կրակ է բացել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի վրա: Գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ կրակել են ոչխարի հոտի, գյուղի տրակտորի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: «Ժողովուրդ»-ը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց, թե այս տարվա հուլիս–օգոստոս ամիսներին ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները փոխհատուցելու նպատակով պետբյուջեից հատկացված գումարը ե՞ րբ է վճարվելու մովսեսցիներին:
Ա. Ավալյանը հայտնեց, որ 178 մովսեսցի եկող շաբաթվա սկզբում բանկերի միջոցով կստանա ընդհանուր առմամբ 4 միլիոն 353 հազար 600 դրամ: Այդ գումարներով նրանք կնորոգեն ազերիների գնդակոծությունից վնասված իրենց տների տանիքներն ու պատուհանները: Մովսեսի գյուղապետն ասաց, որ ներկայումս Կարմիր խաչի ֆինանսավորմամբ գյուղի մի թաղամասը սնուցող խմելու ջրագիծ է կառուցվում, որի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Նշենք, որ սահմանամերձ Մովսեսում շատ վատ է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման վիճակը: Նաեւ այդ պատճառով է՝ մովսեսցիների մի մասը արտագաղթել Ռուսաստան, հիմնականում՝ Մոսկվա: Արարատ Ավալյանն ասաց, որ իրենք դիմել են երկրի նախագահին, որպեսզի գյուղի խմելու եւ ոռոգման հին, մաշված ջրագծերը հիմնանորոգվեն:
Դրա արդյունքում կնվազեն ջրի կորուստները: Մովսեսի կենտրոնական փողոցի երկայնքով կա 12 աղբյուր, որտեղից բնակիչները ջուր են կրում: Մեր հարցին, թե որքանո՞վ է հարիր 21-րդ դարում ձեռքով ջուր կրելը, գյուղապետն արձագանքեց, թե հիմա խմելու ջուր են տեղափոխում 50-60 մետրից, իսկ տարիներ առաջ, երբ ինքը պատանի էր, 300 մ հեռավորությունից էին ջուր կրում: Գյուղում թաղեր կան, ուր խմելու ջուր են ստանում իրենց տանը գտնվող ծորակներից, 4-5 օրը մեկ: