Ծովակ գյուղը քարաթափման վտանգի առաջ է կանգնել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Դավիթ Հակոբյանը տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ գյուղի երեք տներ, որոնցից մեկն իրենն է, գտնվում են քարաթափման վտանգի տակ: Հակոբյանի՝ 7 հոգուց բաղկացած ընտանիքը վախը սրտներում է օրերն անցկացնում: Բանն այն է, որ երեք բնակելի տուն գտնվում է անմիջապես հսկայական ժայռի տակ: Ժայռն էլ թեթեւ ցնցումների հետեւանքով կարող է տեղաշարժվել ու ընկնել բնակելի տների վրա: Իսկ մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկում: Միայն առաջարկում են երկու պարկ ցեմենտ ու ավազ՝ հսկայական, 70 տոննայանոց ժայռը շաղախելու համար:

«Կեսօրին ապահով է, որովհետեւ եթե քարը ընկնելու լինի, կզգանք ու անմիջապես կփախչենք: Իսկ գիշերներն անապահով է, լինում է, որ օրերով չենք քնում: Եթե ընկնի, բոլորս էլ կմնանք քարի տակ: Իմ հայրը 87 տարեկան է, բայց վախենում է ու տանը չի մնում. գիշերները կամ սարում է մնում կամ էլ՝ բարեկամի տանը»,-ներկայացնելով իրենց ամենօրյա հոգեվիճակը` նշեց 47-ամյա Դավիթ Հակոբյանը:

Նա այս խնդրի լուծման նպատակով բազմիցս դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, սակայն ապարդյուն: Դավիթ Հակոբյանի վերջին դիմումին ի պատասխան մարզպետարանից նշել են, որ խնդիրը մի քանի անգամ ուսումնասիրվել եւ քննարկվել է: «Մարզպետարանի եւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գահավիժման ենթակա քարերի էական տեղաշարժ չի կատարվել: Առաջարկվում է 2 պարկ ցեմենտ ավազային շաղախով լցածեփել ժայռի ճաքերը եւ ժայռաբեկորի գահավիժման տեղում կառուցել 60 սմ բուտոբետոնյա արգելապատնեշ»,-նշված է մարզպետարանի պատասխանի մեջ:

Սակայն քաղաքացին տարակուսում է առաջարկվող «օգնությունից». «70 տոննա կշիռ ունեցող ժայռը ես ինչպե՞ս կարող եմ երկու պարկ ցեմենտով ծածկել: Բայց դա հարցի լուծո՞ւմ է: Այդտեղ տեխնիկա է պետք, աշխատողներ, իսկ քարի բարձրությունը երկու մետրից անցնում է: Մի թեթեւ անձրեւի դեպքում էլ այս հսկայական ժայռի հիմքը նստում է: Իսկ ցնցումի դեպքում քարը տեղից կարող է շարժվել ու ընկնել երեք տների վրա: Երեք ընտանիքի կյանք այսօր վտանգված է»:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի հետ, սակայն նա մշտապես տեղում չէր: Ինչեւէ, այս թեմայի շուրջ զրուցեցինք նրա օգնական Սարգիս Բուդումյանի հետ, ով ասաց. «Դա համայնքային խնդիր է: Համայնքի ղեկավարը պետք է լուծի: Ընկերուհի ջա՛ն, այդ խնդիրները միայն Ծովակում չեն, այլ ամբողջ մարզում: Դրան պետական մակարդակով մոտեցում է պետք: Այս խնդիրը ծրագրում ընդգրկված է, հարցերը քննարկել են, բայց պետական որեւէ ծրագիր առայժմ չկա: Պետությունն ինչ կորոշի, մարզպետարանն այն էլ կանի: Բայց համայնքը կարող է իր սեփական ուժերով դա անել: Չի կարողանում, ապա կարող է ծրագրեր ներկայացնել: Վերջապես, համայնքի խնդիրն է: Մարզպետարանը նման խնդիրներում լիազորված չէ»:

Իսկ, ահա, Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը, լսելով մարզպետարանի ներկայացուցչի պատասխանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Համայնքի բյուջեն բավարար միջոցներ չունի այս հարցը կարգավորելու համար: Սա լուրջ խնդիր է, եւ համապատասխան տեխնիկա է հարկավոր: Իսկ ինչ վերաբերում է երկու պարկ ցեմենտին ու ավազին, ապա մենք պատրաստ ենք դրանք ապահովել»:

covak

covak2

covak3

covak4

covak5

covak6

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս