«Հացս կերան ու սուտ ցուցմունքով ինձ դատեցին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անարդարության ու մեր հանրապետությունում արդեն սովորական դարձած պարապություն ու անճարություն կոչվող չարիքից կոփված ու ձեւավորված մեկի զոհն է Աշոտ Մանուկյանը, ով ընդամենը մարդկային սովորական քայլ էր կատարել օտարի հանդեպ` նրան տուն հրավիրելով եւ նրա հիվանդ ու քաղցած երեխային կերակրելով…
Աշոտ Մանուկյանն ու Կարեն Գենաշվիլու Օհանյանն ընկերներ չէին: Պարզապես ընդհանուր ծանոթ ունեին (Կարենի կնոջ եւ նրա ընկերուհու հարեւանուհին):

Ընդհանուր ծանոթը կին էր, ում բարոյական նկարագիրն ավելի ուշ պարզվեց: Ամեն ինչ սկսվել էր ավելի վաղ, եւ հենց նույն Կարեն Օհանյանի ընտանիքից: Կարենը Վանաձորից էր, ամուսնացել էր արմավիրցի Անահիտի հետ: Նրանք իրենց համատեղ կյանքում երեք զավակ էին ունեցել, սակայն կնոջ ազատ կյանք վարելու պատճառներով նրանք ամուսնալուծվել էին, ինչի արդյունքում Անահիտը զավակներից երկուսին իր հետ էր պահում, երրորդին թողել էր ամուսնու` Կարենի մոտ: Կարենը, ով ինքն էլ դեռ երիտասարդ, սակայն արդեն երկրորդ կարգի հաշմանդամ էր, իր անառողջ զավակի հետ մնացել էր միայնակ: Երեխայի վիճակի կտրուկ վատացումից հետո բժիշկները նրան ասում են, որ փոքրիկին մայրական խնամք է հարկավոր:

Կարենն արդեն մի քանի անգամ գնացել էր կնոջ հետեւից Արմավիր՝ իր եւ Աշոտի վարձակալած տան հարեւանուհի Ինդիրայի տուն, որտեղ Ինդիրայի հետ համատեղ բնակվում էր նաեւ իր կինը` Անահիտը: Այս անգամ էլ Կարենը բժշկի խորհրդով երեխայի հետ միասին հենց հիվանդանոցից գնում է Անահիտի մոտ` պատմելու երեխայի վիճակի մասին: Ի դեպ, Ինդիրայի եւ Անահիտի վարքի համբավն արդեն հայտնի էր ողջ Արմավիրի մարզում, էլ չասած այն մասին, որ նրանք արդեն հասցրել էին անգամ «1-02» հաղորդաշարի «հյուրերը» լինել: Ասում են, որ նրանք զբաղվում էին անբարո գործունեությամբ, եւ նրանց հաճախորդների սկանդալներն ու անգամ նրանց որջից հնչած կրակոցները բնակիչներին խուճապի մեջ էին գցում:

Ինդիրան Աշոտի հարեւանուհին էր: Այնպես էր ստացվել, որ Աշոտը, աշխատանք չունենալով, Քարակերտ գյուղից (իր բնակավայրից) մեկնել էր Արմավիր` աշխատանք փնտրելու, որպեսզի կարողանար ինչ-որ կերպ պահել ընտանիքը՝ հաշմանդամ եւ երեւանյան հիվանդությամբ տառապող մորը, փոքրիկ զավակին, վատառողջ կնոջն ու անչափահաս եղբորը (որն Աշոտի դատապարտվելուց հետո ստիպված թողել է դպրոցը եւ աշխատում է գյուղում, որպեսզի կարողանա մոր համար դեղորայք գնել): 2013թ. հոկտեմբերի 8-ին աշխատանքից հոգնած տուն վերադառնալիս Աշոտն իր տան մոտ տեսնում է Կարենին` երեխայի հետ: Կարենն Աշոտին պատմում է իր «դարդը»: Այնուհետեւ ավելացնում, որ եկել է իր երեխայի մոր հետեւից, քանի որ երեխայի վիճակը ծայրաստիճան վատ է, իսկ Ինդիրան նրան ներս չի թողնում` ասելով, որ Անահիտն աշխատանքի է, իսկ ինքը չգիտի, թե նա որտեղ է աշխատում:

Ինդիրան հայտնում է նաեւ, որ թե՛ ինքը, եւ թե՛ Անահիտը արգելում են Կարենին իրենց տուն ոտք դնել: Կարենն Աշոտին տրտնջալով հայտնում է նաեւ, որ երկար ճանապարհից երեխան լավ չի զգում եւ քաղցած է: Աշոտն այդ լսելով` առաջարկում է գնալ իր վարձակալած տունը (որտեղ ապրում էր իր կնոջ ու երեխայի հետ), մի կտոր հաց ուտելու, ապա ասում է, որ իր տեղեկություններով` Անահիտն աշխատում է «Արմավիր» ռեստորանում:

Աշոտի հյուրասիրությունից օգտվելուց եւ երեխայի հանգստանալուց հետո այն նույն տաքսիով, որով եկել էին Կարենն ու երեխան, գնում են «Արմավիր» ռեստորան, որտեղ չգտնելով Անահիտին՝ (կարելի է ենթադրել, որ Ինդիրան արդեն տեղյակ էր պահել վերջինիս Կարենի գալու մասին, եւ Անահիտը թաքնվել էր), վերադառնում են, սակայն ճանապարհին նրանց կանգնեցնում են ոստիկանները, խուզարկում, ինչի արդյունքում Կարենի մոտից հայտնաբերվում է կանեփ բույսից պատրաստված «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Բնականաբար բոլորին տեղափոխում են ոստիկանական բաժանմունք, ուր Կարենի երեխայի վիճակը կտրուկ վատանում է, նա ընկնում է ցնցումների մեջ է: Այս հանգամանքը ոստիկանների համար, ցավոք, դառնում է գործիք, այն էլ՝ շանտաժի, երբ Աշոտին ասում են՝ եթե ասի, որ Կարենին ինքն է թմրանյութ տվել, երեխային կտեղափոխեն հիվանդանոց, հակառակ դեպքում երեխայի մահը կմնա Աշոտի խղճի վրա:

Աշոտը երկար մտածելուց եւ երեխայի տառապանքը տեսնելուց հետո, նաեւ լսելով ոստիկանների պահանջը, թե երեխան կմահանա, եթե օգնություն չցուցաբերվի, իսկ օգնություն կցուցաբերվի այն ժամանակ, երբ Աշոտը համաձայնի ցուցմունք տալ այն մասին, որ թմրանյութն ինքն է տվել Կարենին (առավել եւս` Կարենն արդեն այդպես է գրել), տեղի է տալիս: Նրան ասվում է.«Դու հիմա գրի, բայց դատարանում կասես ճիշտը, եւ քեզ կարդարացնեն»: Ի վերջո, նա միայն այդ պայմանով է համաձայնում չկատարած մեղքն առնել իր վրա, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկանում է, որ խաբվել է…

Թերեզա Ասատրյան
շարունակելի

 

 

 

 




Լրահոս