Կառավարությունն առաջարկում է անձնական տվյալները «փակել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայում անհետաձգելի ընթացակարգով ընդգրկված է ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Թեեւ դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է մեր երկրի ստանձնած պարտավորություններով, այդուամենայնիվ, հարցերի տեղիք է տալիս այս նախագծի ներկայացման հրատապությունը:

Ինչպես նշված է նախագծում. «Օրենքի նպատակն է ապահովել անձնական տվյալները մշակելու ընթացքում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Այն կարգավորում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ՝ օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը»:
Հոդված 1-ի 3-րդ կետում նշվում է նաեւ, որ «Պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը եւ պաշտպանությանն առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ՝ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում եւ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով»:

Ըստ օրենքի նախագծի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն (գրավոր, կամ տեսագրությունների, կամ ձայնագրությունների, կամ այլ տեսքով), որը թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Իսկ հոդված 3-ի 3-րդ կետը, որը վերաբերում է հոդվածի ընդհանուր հասկացություններին, սահմանում է. «Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունն է, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալները այլ անձի մատչելի դարձնելը»:

Նախագծում նշված է նաեւ, թե որ տեղեկությունները կարող են դառնալ հանրամատչելի. «Տվյալների uուբյեկտի համաձայնությամբ կամ oրենքով նախատեuված դեպքերում կարող է uահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոuային տեղեկատուներ, հաuցեների գրքեր, կենuագրական տեղեկատուներ, մաuնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում եւ այլն): Հանրամատչելի են համարվում նաեւ անձի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, ամսաթիվը: Պայմանագրի հիման վրա մշակվող տվյալները կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով` պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու դեպքում»:

Նախագծի հարակից զեկուցողը լինելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որին էլ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել՝ պարզելու համար, թե ինչու է նախագիծն այդքան հրատապ:

-Պարո՛ն Մարուքյան, ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների մասին» նախագիծն ինչքանո՞վ է հրատապ: Տեսակետ կա, որ այդ նախագծի ընդունումը կարեւորվում է հատկապես առաջիկա քաղաքական զարգացումների համատեքստում` կանխելու համար կոնկրետ անձանց տվյալների` համացանցային լրատվամիջոցներով անցանկալի հրապարակումները:

-Ես այս նախագծից նման տպավորություն չունեմ, ավելին՝ դա Հայաստանի միջազգային պարտավորություններից է՝ մայր օրենքի նախագիծ ներկայացնելը: Ու որեւէ նման տեղեկություն չունեմ, որ դա կարող է կապ ունենալ լրատվամիջոցներում տպագրվող հրապարակումների հետ, անգամ ուշադիր չեմ եղել ու չեմ նկատել, որ լրատվամիջոցներն անհատական, անձնական տվյալներ են հրապարակել:

-Իսկ ինչո՞ւ է հենց այժմ նման օրենքի ընդունումը հրատապ համարվել:

-Այս օրենքով միասնական կարգավորման օրենսդրական բազա է ստեղծվում, թե տեղեկատվությունն ինչ ձեւով պետք է հավաքագրվի, մշակվի ու փոխանակվի տարբեր պետական մարմինների միջեւ, ու դրա համար բոլորը պատասխանատվություն են կրում: Այսինքն, թե՛ հավաքողները, թե՛ մշակողները, թե՛ փոխանակողներն այդ պատասխանատվության կրողներն են: Արդեն նախագծում նշվում է, թե որն է բաց տեղեկատվությունը, որը` փակ: Սա վերաբերում է մարդու մասին անձնական տվյալներին, այսինքն, եթե մարդը չի ցանկանում, որ իր մասին տվյալներ իմանան, ապա ինքն է որոշելու՝ ինչքան մասն է բաց, իսկ ինչքանը` գաղտնի, փակ: Իսկ այդ փակ տեղեկատվությունն արդեն պատասխանատվություն է առաջացնում, եթե ինչ-որ մեկը դա վերցնում, մշակում ու օգտագործում է: Նշեմ նաեւ, որ այն բաց տվյալները, որոնք կան, դրանց հետ այս նախագիծը որեւէ կապ չունի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս