Ծիծեռնակաբերդում համերգով հանդես կգա շվեդական լարային անսամբլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաժշտական լարային անսամբլն այսօր ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում, այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը: Վերջինս նշեց, որ շվեդ երաժիշտները շատ են կարևորում իրենց այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
“Այսօր՝ կեսօրին նպատակ կա այցելել Ծիծեռնակաբերդ, որոշել ենք տալ մի կարճ համերգ` դրանով խոնարհվելով զոհերի հիշատակի առջև”,- ասաց Գաբրիելյանը:
Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոը նշեց, որ Հայաստանի մասին քիչ տեղեկություն ունեն և հույս ունեն, որ այս այցի շրջանակներում կկարողանան լրացնել այդ բացը: Իսկ Հայաստան գալու ցանկությունը, ինչպես նշեց Ֆեմբրոը, իրանց մոտ առաջացել է շնորհիվ նվագախմբի հայազգի երաժշտի:
Շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրն էլ նկատեց, որ թեև դեռ երկու օր է ինչ Հայաստանում են, բայց հասցրել են հասկանալ, թե որքան հարուստ է Հայաստանի երաժշտական պատմությունը:”Մեզ համար շատ կարևոր է շփվել և ճանաչել Հայաստանի պրոֆեսիոնալ և զարգացած երաժշտական պատմության հետ”,- ասաց շվեդական նվագախմբի դիրիժորը:”Մայիսի 16-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգան լարային անսամբլը և Յունիսեֆի մանկական կամերային նավագախումը: Իսկ մայիսի 17-ին անսամբլը համերգ կտա նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, կայցելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի Թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, որտեղ կստանա սուրբ հաղորդություն”,- հայտնեց Հովհաննես Օհանյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ համույթում ընդգրկված են 24 երաժիշտներ՝ 14-19 տարեկան:
Մայիսի 16-ի համերգի ժամանակ կհնչեն նորվեգիական, դանիական, ֆիննական, հայկական ստեղծագործություններ: Հայ երգահաններից կներկայացվեն Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի գործերը:Երաժիշտները Հայաստանից կհեռանան մայիսի 19-ին:




Լրահոս