Երեխայի դիմաց հորից 1000 դոլար պահանջող մայրը ունի ևս մեկ երեխա. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքում բնակվող 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Գյումրու ծննդատանն ունեցել է արու զավակ, որին հանձնել է հորը՝ երեխայի հայրությունը ճանաչած 34-ամյա Կամո Կարապետյանին:
Թերեւս պատմությունն այսքանով կավարտվեր, եւ այնքան էլ տարօրինակ չէր թվա, եթե Արմենուհու մայրը՝ 44-ամյա Լամարա Ասլանյանը, չդիմեր Գյումրու «Կումայրի» ոստիկանության բաժանմունք եւ դիմում չներկայացներ այն մասին, որ Կամո Կարապետյանը, ըստ նախնական պայմանավորվածության, երեխային տարել է իր տուն՝ պայմանով , որ իրենց կվճարի 1000 դոլար, ինչը մինչ օրս հրաժարվում է անել:

«Ժողովուրդ»-ը փորձեց դեպքի հետ կապված մանրամասներ պարզել՝ զրուցելով անմիջապես մանկան համար գումար պահանջող տատիկի եւ մոր հետ: Սակայն այցելելով նրանց բնակարան` դուռը փակ գտանք: Այնուամենայնիվ զրուցեցինք հարեւանների հետ, որոնք ներկայացրեցին որոշ մանրամասներ:
Պարզվեց` մանկիկի մայրը` Արմենուհին, բնակվում է մոր եւ քրոջ հետ: Նախկին ամուսնուց ունի 3 տարեկան դուստր, որի խնամքով հիմնականում զբաղվում է քույրը: Լսել են, որ երկրորդ անգամ ամուսնացել է Կամո Կարապետյանի հետ, սակայն մի քանի ամիս ապրելուց հետո վերադարձել է հայրական տուն: Այն, որ Արմենուհին հղի է եղել, ըստ հարեւանների, թաքցնելու չէր, եւ սպասելի էր, որ երեխային կհանձնի հորը, քանի որ ապրելու միջոց չունի:

«Առաջին երեխային էլ կտար հորը, եթե ամուսինը չհրաժարվեր հայրությունից»,-եզրափակեցին հարեւանները:
Մեր հարցին, թե որտեղ կարող են լինել Արմենուհին եւ տան անդամները, հարեւանները պատասխանեցին, որ Արմենուհին ուշ է գալիս, քանի որ աշխատում է դաշտում, լսել են` կարտոֆիլ է հավաքում, առհասարակ աշխատող աղջիկ է:
Նշենք, որ դեպքի հետ կապված Շիրակի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս