Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր անդամներին նախապես մեկ առ մեկ զգուշացրել է, որ անպայման ներկա գտնվեն հանրահավաքին: Հանրահավաքի օրը, սակայն, մեզ չհաջողվեց ԲՀԿ խմբակցության մի քանի անդամի հայտնաբերել ո´չ ցուցարարների , ո´չ էլ, առավել ևս, հարթակում կանգնածների կողքին: Նրանք են` Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Արա Արամյան, Գուրգեն Արսենյան, Գրիգորի Մարգարյան, Լյովա Խաչատյան, Կարո Կարապետյան, Վահագն Մախսուդյան, Մուշեղ Պետոյան և Վարդան Օսկանյան:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկա է գտնվել հանրահավաքին: «Ես միշտ իմ կուսակցության կողքին եմ: Երբ կուսակցական ժողով է, ես միշտ էլ ներկա եմ լինում ժողովներին»,- ասաց պատգամավորը: Իսկ մեր այն հարցին, թե սեփական կամքով է ներկա եղել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, պատգամավորը պատասխանեց. «Ես կուսակցական եմ և հասուն տարիքում եմ դարձել, այնպես որ, այդ մասին խոսել պետք չէ: Կուսակցական կարգապահությունը գիտեմ ինչ է իրենից ներկայացնում»:
Ոչ իշխանականների գործունեության ակնկալիքների մասին պատգամավորը չցանկացավ խոսել: Նա Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ինքն անպայման ներկա է լինելու: