«Իրենք միշտ ինձ են վառել, ես էլ նրանց վառեցի». այրելով սպանել է նախկին կնոջն ու նրա ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածնի նստավայրում հրապարակվեց սպանություն կատարելու մեջ մեղադրվող Երևանի 59-ամյա բնակիչ Լևոն Համբարձումյանի գործով դատավճիռը: Դատարանը Համբարձումյանին մեղավոր է ճանաչել առանձնապես ծանր պայմաններում սպանություն կատարելու մեջ և նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2014թ. հունվարի 20-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսինը բենզին է լցրել ու հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն, հրդեհել նրանց վագոն-տնակը: Ստացած վնասվածքների ու այրվածքների հետևանքով կինը` Օֆելյա Մովսիսյանը, հիվանդանոցում մահացել է:

Լևոն Համբարձումյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները մասնակի, հայտարարել է, որ չի զղջում արածի համար՝ ավելացնելով, որ երկար տարիներ նրանք «վառել են իրեն», ինքն էլ «վառեց նրանց»: Ավելին, Համբարձումյանն ասել է, թե իր նախկին կինն է իրեն գազան դարձրել, և ինքը մարդու չի սպանել, այլ՝ գազանի: Կինը նրան զրկել է երեխաներից, թոռներից ու բոլորից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտված այս քրեական գործով դատավարությունը որոշ չափով լույս սփռեց այս հրեշավոր արարքի դրդապատճառների ու նախկին ամուսինների թշնամական հարաբերությունների վրա:

Լևոն Համբարձումյանն ու Օֆելյա Մովսիսյանն ամուսնացել էին 1978 թվականին, ունեցել 2 երեխա, իսկ 1991 թվականին` ամուսնալուծվել ու այլևս որևէ հարաբերություն չեն ունեցել միմյանց հետ: Հայրը երբևէ չի հանդիպել նաև իր երեխաների հետ:

Այդ ընթացքում կինն ամուսնացել է Ռուդոլֆ Բաբայանի հետ: Նախկին ամուսինը ևս նոր ընտանիք է կազմել ու կնոջ հետ բնակվել Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող իրենց բնակարանում: Բնակարանը, որ ժամանակին պատկանել է Համբարձումյանի ծնողներին, սեփականաշնորհված չի եղել և հանդիսացել է համայնքի սեփականությունը:

2005-ին, սակայն, բնակարանը Շենգավիթ համայնքի կողմից նվիրաբերվել է Համբարձումյանի նախկին կնոջը` Օֆելյա Մովսիսյանին, նրան տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Իր հերթին նախկին ամուսինը դիմել է դատարան և վերականգնել բնակարանի 1/2 մասով իր սեփականության իրավունքը։ Այս անգամ արդեն դատարան է դիմել նախկին կինը, և բնակարանն ամբողջությամբ, դատարանի վճռով, ճանաչվել է նրա սեփականությունը։

Դրանից հետո կինը նոր հայց է ներկայացրել դատարան` Լ. Համբարձումյանին բնակարանից վտարելու պահանջով, որը, սակայն, կարճվել է, և Լ. Համբարձումյանը շարունակել է բնակվել նշված հասցեում։ Իսկ 2008 թ. կինը, բնակարանը, առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, վաճառել է իր ներկայիս ամուսնուն` Ռ. Բաբայանին: Եվ այս անգամ էլ վերջինս է դիմել դատարան` կնոջ նախկին ամուսնուն այնտեղից վտարելու պահանջով:

Ի վերջո, դատական անվերջանալի քաշքշուկներից, պետական ու դատական ատյանների իրարամերժ բազմաթիվ որոշումներից հետո Լ. Համբարձումյանը, դատարանի վերջնական վճռով, վտարվել է իր հայրական տնից: Այս ամենի հետևանքով նախկին ամուսինների միջև թշնամանք է ձևավորվել: Լևոն Համբարձումյանը բազմիցս սպառնացել է վրեժ լուծել, անգամ սպանել նախկին կնոջն ու նրա ամուսնուն: Նրանք էլ, վախենալով, որ Համբարձումյանն ի կատար կածի իր սպառնալիքները, թույլ են տվել նրան բնակվել վեճի առարկա բնակարանում, իսկ իրենք բնակվել են Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գտնվող, Ռ. Բաբայանին պատկանող վագոն-տնակում։

2014թ. հունվարի 19-ին Լևոն Համբարձումյանը գնել է 3 լիտր բենզին, լցրել 6 առանձին շշի մեջ և հաջորդ օրը` գիշերը ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում, գնացել նախկին կնոջ ու նրա ամուսնու վագոն-տնակի մոտ, բենզին լցրել նրանց պատուհանների վրա և լուցկիով հրկիզել:

Բռնկված կրակից Օֆելյա Մովսիսյանն արթնացել ու բացել է դուռը, բայց նախկին ամուսինը դռան մոտ բենզին է լցրել նրա վրա ու այրել: Իսկ երբ Ռ.Բաբայանն օգնության է հասել կնոջը, Համբարձումյանը բենզին է լցրել նաև նրա վրա ու այրել նաև նրան: Վագոն-տնակում գտնվող Օ. Մովսիսյանի դուստրն օգնություն է ցույց տվել հրդեհից տուժած մորն ու նրա ամուսնուն և զանգահարել շտապ օգնություն:




Լրահոս