Բուհերում ընդունելություն իրականացվում է նաեվ շաբաթ, կիրակի օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանն արդեն ունի առաջին հայտով դիմած 400 դիմորդ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:
Նշենք, որ այս տարի բոլոր պետական և ոչ պետական բուհերում դիմորդների գործերի ընդունումը սկսվել է մայիսի 5-ից և կավարտվի հունիսի 1-ին: Մամուլի ասուլիսին ներկա էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանը, ով նշեց, որ Երևանի պետական տնտեսագիտության համալսարանում դիմորդների թիվն արդեն 90-ն է: “Ուզում եմ տեղեկացնել բոլոր դիմորդներին, որ մենք անգամ աշխատում ենք շաբաթ և կիրակի օրերին՝ հաշվի առնելով մարզերում բնակվող դիմորդների Երևան գալու դժվարությունները”,- ասաց Միքայել Քավադյանը:
Վերջինս նաև նշեց, որ այս տարի ԵՊՀ-ում 59 մասնագիտությունների գծով կա 333 անվճար և 2612 վճարովի տեղ: “Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան քննություններից, հունիսի 15-ից 20-ը կարող են նորից հայտ լրացնել և հունիսի 25-ից հանձնել քննություններ: Իսկ նրանք, ովքեր կստանան դրական գնահատական, բայց չեն ընդունվի, թափուր տեղերի առկայության դեպքում՝ կրկին կմասնակցեն մրցույթին: Նշեմ, որ այս տարի բուհերում տեղերն ավելի շատ են լինելու, քան դիմորդները”,-ասաց Վաչագան Գալստյանը: Վ. Գալստյանը նաև նշեց, որ ԵՊՀ-ում դիմորդների թվի մեծացումն առավելապես նկատելի է նոր մասնագիտություններում. “Ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա՝ 30 անվճար տեղի համար արդեն դիմել է 21 դիմորդ, պատմություն մասնագիտության 8 անվճար տեղի համար՝ 24 դիմորդ, հանրային կառավարման 3 անվճար տեղի համար՝ 18 դիմորդ: Տնտեսագիտության տեսություն մասնագիտության 10 անվճար տեղի համար՝ 29 դիմորդ: Քիչ չեն դիմում նաև հայոց լեզու և գրականություն մասնագիտության համար, որտեղ 18 անվճար տեղի համար 20 դիմորդ է հայտ ներկայացրել, լրագրություն մասնագիտության 5 անվճար տեղի համար՝ 13 դիմորդ, անգլերեն լեզվի 3 անվճար տեղի համար՝ 17 դիմորդ և այլն”:
Տեղեկացնենք, որ այս տարի ԵՊՀ-ում ավելացել է նոր մասնագիտությունների թիվը՝ 54-ից դարձել է 59-ը: Այդ 5 մասնագիտություններն են՝ մաթեմատիկա, համակարգչային գիտելիքներ մասնագիտությունը՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում, հունարեն լեզու և գրականություն՝ ռուս բանասիրության ֆակուլտետում, թարգմանչական գործ իսպաներեն և հայերեն լեզուներով՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, կովկասագիտություն՝ պատմության ֆակուլտետում, եկեղեցաբանություն՝ աստվածաբանության ֆակուլտետում: Մ. Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը նշեց, որ իրենց համալսարան արդեն դիմել է 7 դիմորդ:




Լրահոս