Հոկտեմբերի 19-ին է ծնվել Խնկո Ապերը (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան): Նա մեծ մանկագիր է, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910 թթվականին եղել է ուսուցիչ։ 1911 թ.–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»)։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։
Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։
Մանկագրի փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։
Խնկոյանը մահացել է 1935 թ. Երևանում։
ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։