ՀՀԿ-ն որոշ ընտրատարածքներում ունեցել է ախմախ շտաբի պետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ գործադիր մարմնի խորհուրդը դեռ չի քննարկել, թե նոր ԱԺ-ում ու նաև կառավարությունում ՀՀԿ-ն գնո՞ւմ է կոալիցիայով, թե` ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական վերընտրված պատգամավոր Մանվել Բադեյանը: “Անձամբ ես գտնում եմ, որ եթե ՀՀԿ-ն բավարար ռեսուրս ունի, ապա պետք չէ, որ գնա կոալիցիայով: Եթե մենք ընտրությունների արդյունքով բացարձակ մեծամասնություն ենք կազմել, ապա իմաստը ո՞րն է կոալիցիայի: Այդուհանդերձ ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ էլ պետք է կառուցողական համագործակցենք”,-ասաց Բադեյանը:
Ասուլիսի մյուս հյուր` “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ, “Ժառանգության” համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անուշ Սեդրկայանն էլ ընդգծեց, որ ինքը լիազորված է հայտարարել միայն, որ “”Ժառանգության” ցուցակի` “Ազատ դեմոկրատների” մասով որևէ տեղաշարժ չի լինելու, այսինքն ԱԺ պատգամավորի մանդատից չեն հրաժարվելու ոչ Խաչատուր Քոքոբելյանը, ոչ էլ Ալիկ Արզումանյանը”:
Տիկին Սեդրակյանի խոսքից հետո, երբ հանրապետական Բադեյանն իմացավ “Ժառանգության” նոր պատգամավորական կազմը` ըստ անունների, ասաց. “Որակը վատ չէ, մնում է տրամադրությունները տեղը մնա”:
Ի դեպ Բադեյանի խոսքից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշ ընտրատարածքներում ունեցել է “ախմախ” շտաբի պետեր: Բանն այն է, որ Բադեյանի խոսքերով նրանք, ովքեր երեխաներ են բերել ՀՀԿ-ի հետ նախընտրական հանդիպումների,  կոչվում են` “ախմախ շտաբի պետեր”: Կոնկրետ Բադեյանի հետ հանդիպմանը, իր իսկ խոսքերով, էլի երեխաներ են բերած եղել, սակայն` “դա տևեց ընդամենը երեք րոպե, կարգադրվեց, որ երեխաներին դուրս բերեն հանդիպումից”,-վստահեցրեց Բադեյանը: Ինչևէ, և հանրապետական Մանվել Բադեյանի, և ազատդեմոկրատ Անուշ Սեդրակյանի խոսքերով, այս ընտրություններն` այո, “քայլ առաջ էին”, սակայն այս կապակցությամբ տիկին Սեդրակյանն ընդգծեց. “Եթե այս ընտրությունները քայլ առաջ էին, դա դեռ չի նշանակում, որ դրանք ազատ ու արդար էին”:




Լրահոս