Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են․ ՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին այսուհետն հայտարարում է քաղաքական բանտարկյալներ։

Հայտարարությունում ասվում է. «Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման:

Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բորոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները:

Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

Ելնելով վերոշարադրյալից, «Հայ ազգային կոնգրեսը» Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը»:




Լրահոս