Արձակուրդի մասով նոր օրենքն ուժի մեջ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ուժի մեջ մտավ «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ կատարված լրացումը, ըստ որի` ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին տրվել է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ՔԿ ծառայողները լրացուցիչ 7 աշխատանքային օրվա հանգստի հնարավորություն կունենան:

5-օրյա և 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատանքի դեպքում ամենաշատը՝ համապատասխանաբար 9 և 10, լրացուցիչ աշխատանքային օրվա արձակուրդի իրավունք ունեն ավիադիսպետչերները, լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենայի վարորդները, լեռնագործները, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնող, քարտաշ, քար մշակող և հարակից մասնագետները, հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենի, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենաների վարորդները, հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում զբաղված բանվորները, Հայկական ատոմային էլեկտրակայանում որոշ աշխատանքներ կատարող աշխատողներ:

9 օրվա լրացուցիչ հանգստի իրավունք ունեն նաև 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող՝ զինվորական ծառայությունից կամ ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) կամ զինվորական կամ ոստիկանության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ:

Ամենաքիչը՝ 2 օրվա, լրացուցիչ աշխատանքային օրվա արձակուրդի իրավունք ունեն բժիշկները, ատամնաբույժները, դեղագետներն ու դեղագործները, բուժքույրերը, բուժակները, տեխնիկ-քիմիկոսները:




Լրահոս