Ղարաբաղյան հակամարտության հարցով տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-14-ին այցելել են Երևան և Բաքու և քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակը։ Այցի ընթացքում համանախագահներն անդրադարձել են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմների մշակումներին ու հումանիտար կապերի զարգացմանը և հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործընթացի արագացմանը։ Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ և կոչ արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ պատասխան գործողություններից։ Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են նաև հայկական և ադրբեջանական պատմական և մշակութային վտանգված արժեքների գնահատման ու պահպանման կարևորությունը, որը եզրափակիչ ու հարակայուն խաղաղությանն ուղղված բանակցություններին զուգընթաց՝ միտված է տարածաշրջանում ապրող ժողովուրդների ընդհանուր ժառանգության պահպանմանը։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ համանախագահները կողմերի հետ քննարկել են վստահության ամրապնդման միջոցների կիրառումն ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում, ինչը պետք է նպաստի 1994–ի հրադադարի ռեժիմի պահպանմանը և կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը։