«Բարոյականությունն ամբողջ աշխարհում կոմայի մեջ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է Իրաքի հյուսիսում գործող «Իսլամական պետություն» կազմակերպության ծայրահեղականների կողմից եզդի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու մասին: Քիչ առաջ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը Armlur.am-ին հայտնեց, որ որոշ ժամանակ դադար տալուց հետո իսլամիստները շարունակում են կործանարար քաղաքականությունը:

«2014թ. օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում իրականանում է եզդիների ցեղասպանությունը, այս էլ որերորդ անգամ խնդրում և կոչ ենք անում դադարեցնել եզդների ցեղասպանությունը, բայց այն շարունակվում է 21-րդ դարում` քաղաքակիրթ մարդկության աչքի առջև: Ֆիզիկապես ոչնչացնում են ինչպես եզդիներին, այնպես էլ հայերին և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ի՞նչ են անում Իսլամական պետության հրեշները եզդիների, հայերի և մյուսների նկատմամբ՝ անգամ ամենասարսափելի հրեշավոր երազում հնարավոր չէ պատկերացնել: ԻԻՀ հրեշները մոր աչքի առջև ողջ-ողջ թաղում են երեխաներին: Տղամարդկանց աչքի առջև սպանում են նրանց մայրերին, քույրերին ու կանանց: Իհարկե, ահավոր ցավը շարունակվում է, և աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարները գործուն, հնարավոր միջոցներ ձեռնարկելու փոխարեն տարբեր ամբիոններից, գույնզգույն փողկապներով ելույթներ են ունենում:

Գտնում եմ, որ սխալ է, որովհետև դեռևս հազարավոր եզդի կանայք գտնվում են ստրկության մեջ, հազարավոր երեխաներ գերեվարվել են և պահվում են տարբեր մեկուսի վայրերում, որպեսզի դավանափոխ արվեն: Հազարավոր եզդիներ գտնվում են սարերում՝ անօթևան և անօգնական վիճակում: ԻՊ-ի հրեշները եզդիների և մյուս ազգերի ցեղասպանությունը ընդունում են և նույնիսկ արդարացնում իրենց ոճիրը՝ գտնելով, որ եզդիները և քրիստոնյաներն այլադավ են: Հպարտանում են, որ աշխարհում նորից ստրկություն և ստրկավաճառություն են հաստատել: Իսկ ի՞նչ են արել քրդերը, որոնց նույնպես ենթարկում են ցեղասպանության, չնայած նրանք մահմեդականեր են: Միչև գերհզոր պետությունների ղեկավարները տարբեր ամբիոներից ծամածռություններ են անում և սպասում են, թե իրենց սեփական շահը իրենց որ ուղղությամբ կտանի, մեր ժողովուրդները ենթարկվում են ցեղասպանության: Ինձ համար ցավ է, ահավոր և անբուժելի ցավ, դրա համար խնդրում եմ Ձեզ բոլորիդ` մեր ընդհանուր տան մոլորակի բնակիչներին, անենք հնարավոր ամեն ինչ եզդի, հայ, քուրդ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը դադարեցնելու համար, փրկեք Շանգալը, Կոբանին… Մեր ժողովուրդների բնօրրանները:

Միջազգային հանրության լռությունը և անգործությունը կարելի է բնութագրել որպես անուղղակի միջամտություն մեր ժողովրդների անմարդկային ցեղասպանությանը: Երբ և ինչ ուզում է լինի, մանավանդ 21-րդ դարում մենք պարտավոր ենք մարդ մնալ և պահպանել համամարդկային արժեքները: Մի՞թե մենք մեղավոր ենք, որ այլադավ ենք և ուզում ենք ազատ ու լիարժեք ապրել մեր բնօրրանում: Ճիշտ է՝ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր պատմությունը, անցած ուղին, իր տեղը մարդկության ու պատմության քառուղիներում: Բայց հավատացեք, օգնելով եզդիներին և մյուս ժողովուրդներին՝ դրանով, գերհզոր պետություններ, դուք կփրկեք աշխարհը և կապահովեք նրա խաղաղ ապագան»,- հայտարարեց Ամո Շարոյանը:




Լրահոս