Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, քանի որ վերջինս անդրադառնում էր Շանթ Հարությունյանի դատավճռին: Սակայն դրանից րոպեներ անց Փոստանջյանը կրկին խոսեց այդ մասին:
«Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթ Հարությունյանի դատապարտումը և Սերժ Սարգսյանի նախապես հայտնած կարծիքը, որ նրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ, և հանցագործները պետք է գտնվեն բանտախցում: Սերժ Սարգսյանը` ձեր ղեկավարը, հայտարարություն է արել մինչև դատավճիռ արձակելը: Ինչու եք խուսափում այդ հարցերին պատասխանել, խոչընդոտում եք պատգամավորի` կարծիք արտահայտելուն և հարցադրում անելուն», – նշեց նա:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե դա օրակարգի հարց չէ: «Նախ` Սերժ Սարգսյանը նաև ձեր ու ՀՀ քաղաքացիների նախագահն է: Ցանկացած հարց կարելի է քննարկել, սակայն ոչ օրակարգի հաստատման ժամանակ: Դա կարելի է անել հայտարարության, հարցուպատասխանի ժամին»:
Այնուհետև արձագանքեց Զարուհի Փոստանջյանը.«Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, այլ ոչ թե ՀՀ նախագահը»: Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին պահանջեց անջատել նրա խոսափողը: «Բազմիցս նշել եմ, որ սա պառլամենտ է ու այստեղ պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում, սիրելիս, անջատել ձեր խոսափողը, խոսեք ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն»-հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀԿ Խոսրով Հարությունյանը Փոստանջյանին հորդորեց կոռեկտության շրջանում ելույթ ունենալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ դիմեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին. «Կոռեկտ պահենք, թե չէ դրա չափանիշներն ու պատասխան տալու ձևերը մենք էլ գիտենք»: