Ռուսաստանի Ուլյանովի մարզում իրավապահները Դիմիտրովգրադի ձեռներեցներից մեկի սպանության մեջ գլխավոր կասկածյալ են համարում նրա կնոջը, ով անձնական դրդապատճառներով պատվիրել է ամուսնու սպանությունը:
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այս տարվա ապրիլից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մեղադրյալն անձնական հակակրանքի հողի վրա որոշել է իրականացնել իր 36-ամյա ամուսնու՝ Ամիրամ Ալոյանի սպանությունը: Այդ նպատակով 2014թ.-ի հոկտեմբերին կինը խնդրել է այդ հանցագործությունը կատարել իր և իր ամուսնուն պատկանող հացի արտադրամասի աշխատակիցներից մեկին՝ այդ նպատակով նրան զենք փոխանցելով:
Վարձու մարդասպանը, ով Ադրբեջանի քաղաքացի է, հոկտեմբերի 8-ին գտնվելով Դիմիտրովգրադի Սվիրսկայա փողոցի տներից մեկի շքամուտքում, կրակել է ձեռներեցի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից տղամարդը տեղում մահացել է:
31-ամյա այրուն և նրա 36-ամյա մեղսակցին սպառնում է ազատազրկում սպանության համար, որը կատարվել է շահադիտական նպատակներով կամ վարձի դիմաց, և ապօրինի զենք կրելու համար: