ՈՒԶՈՒՄ ԷՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ եւ իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ի ներկայությամբ խոստացել էր կազմակերպել ակտիվ երթեր, բողոքի ակցիաներ, որպեսզի կանխեր բանակում կատարվող անարդարությունները: Սակայն նա իր խոստմանը տեր չեղավ, քանի որ սպանված զինվորների մայրերը չեն ցանկանում համագործակցել նրա հետ: Պատճառն այն է, որ մայրերն այլեւս չեն հավատում ՀԿ-ների խոստումներին:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ ՀԿ-ի նախագահից, թե ինչու իր խոստմանը տեր չի կանգնել. «Իմ խնդիրների մեջ չի մտնում, որ ես կառավարության շենքի առջեւ պետք է իմ հարցերը կարգավորեմ: Բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ես գրություն եմ ուղարկել ՀՀ նախագահին, իսկ նախագահն էլ ծանուցել է պաշտպանության նախարարությանը»: Իրավապաշտպանը սպասում է, թե երբ են իրեն զանգահարելու ՀՀ ՊՆ-ից, որպեսզի սկսեն ակտիվ քննարկումների փուլը: Բայց այդ ժամանակ պարոն Մկրտչյանը խնդիրներ կունենա, քանի որ սպանված զինվորների մայրերը չեն համագործակցում իր հետ:
«Չգիտեմ, թե ինչու չեն միանում ինձ: Երեւի հիասթափված են: Բազմիցս զանգահարել եմ, փորձել եմ հանդիպել, սակայն չի ստացվում, չեն գալիս: Ես իրանց ասում եմ՝ եկե՛ք նստենք, զրուցենք, տեսնենք, թե ինչ պետք է արվի: Մենք պետք է թիմ դառնանք, որպեսզի գործողությունները ճիշտ ընթանան: Պետք է կանխարգելել վաղվա ինքնասպանությունը, ինքնահրկիզումը եւ այլն»,-տարակուսեց մեր զրուցակիցը:
Սերժ Սարգսյանին ուղղված իր դիմումում ՀԿ-ի նախագահը կարողացել է միայն մեկ ծնողի կողմից հայտնված երկու դեպքերի վերաբերյալ տվյալներ ներկայացնել: Նրա խոսքերով՝ զինվորների նկատմամբ ապօրինի գործողություններ են արվել, ու հալածել են նրանց:  
«Խոսքը շարքային զինվորների մասին է, որոնք հիմա բանակում են ծառայում: Ինչ-որ մեկի քմահաճույքներին մեր ըմբոստ զինվորները չեն ուզում ենթարկվել: Այլ տվյալներ չունենք, թե որտեղ ինչ է կատարվում: Սպանված մյուս զինվորների մայրերը չեն համագործակցում»,-բացատրեց նա` ավելացնելով, որ բանակի հետ պետք է ճիշտ աշխատել:
«Յուրաքանչյուր զորամաս, որ մտնեմ, 20 զինվորի խնդիր կտեսնեմ: Եթե 20 տարի առաջ այս նույն գործողությունները սկսեինք, ապա այսօր մեր զինվորների մայրերը կառավարության շենքի առաջ չէին կանգնի: Իսկ եթե հիմա ենք սկսում, հնարավոր է, որ 20 տարի հետո չունենանք այսօրվա խնդիրները»,-նշեց իրավապաշտպանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ սպանված զինվորներից մեկի մոր` Գոհար Սարգսյանի հետ եւ տեղեկանալ, թե ինչու նրանք չեն համագործակցում ՀԿ-ի նախագահի հետ. «Ունենք մայրեր, որ եղել են ՀԿ-ի անդամներ եւ հիասթափվել են նրանց աշխատանքից, առաջընթաց չկա: Մենք չենք պատկանում ոչ մի ՀԿ-ի, որովհետեւ իմաստը չեմ տեսնում»:
Իսկ «Համայնք եւ իրավունք» ՀԿ-ի հետ չեն ուզում համագործակցել, որովհետեւ նրա ծրագրերում չկան կետեր բանակի սպանությունների բացահայտման վերաբերյալ: «Ինքը մեզ ասում է՝ եկե՛ք պայքարենք, որ հիվանդ էրեխեքը չգնան բանակ: Ես էլ իրենից հարցնում եմ՝ սպանության գործով ովքեր անպատիժ են մնացել, դուք ի՞նչ քայլեր կձեռնարկեք, ասում է` համակարգի խնդիր է: Եթե դուք իմ հետ ճանապարհ անցնեք, ապա կտեսնենք: Մեր չհամագործակցելու պատճառը միայն դա է: 4,5 տարի է, ինչ կառավարության շենքի առջեւ կանգնած եմ, ինչո՞ւ այսքան ժամանակ չկար»,-նկատեց տիկի Գոհարը:
Այսպիսով՝ սեւազգեստ մայրերը միայնակ կպայքարեն իրենց որդիներին սպանողներին բացահայտելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս