Նախորդ տարվա օգոստոսին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 38-ամյա բնակիչ Արսեն Ա-ն իր եղբոր տանը դանակի հարվածներ հասցնելով կնոջը՝ Լուսինեին, սպանել էր: Այս դեպքում, սակայն, ի տարբերության ընտանեկան մի քանի այլ դեպքերի, ամուսինն անմեղսունակ չի ճանաչվել: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով և դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ որոշ ժամանակ Արսեն Ա-ն հաճախել է «Հիսուննականներ» կոչվող աղանդավորական խմբակի հավաքներին, ինչի հետևանքով նրա մոտ նկատվել է վախի զգացում, աչքին աստղիկների տեսքով շարժվող տեսիլքներ են երևացել։ Բուժման համար նա դիմել է Վաղարշապատի հոգեթերապևտիկ բաժանմունք։ Այս ընթացքում ամուսինների միջև վիճաբանություններ են սկսվել, ամուսինն անգամ ծեծել է կնոջը՝ երեխաների աչքի առջև: Իսկ այն ժամանակ, երբ երեխաները փորձել են պաշտպանել իրենց մորը, Արսենը ծեծել է նաև նրանց:
Ինչպես պարզվել էր նախաքննության ընթացքում, 1997 թվականին ամուսնացած զույգը, որ ողբերգության պահին արդեն 2 անչափահաս երեխաներ ուներ, ապրել է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվել են հողագործությամբ, ամուսինը ընտանիքի հոգսը հոգալու համար գունավոր մետաղներ է հավաքել ու վաճառել:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ չնայած «անձի խառը խանգարումներ» համախտանիշի առկայությանը, հանցանքի պահին Արսենը լիովին գիտակցել է իր գործողությունների բնույթն ու նշանակությունը և ղեկավարել դրանք։