«ԵՏՄ-ն նոր հեռանկարներ կբացի տնտեսության հետագա զարգացման համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Էսհաղ Ջահանգիրիին Իրան այցելելու հրավերի համար և համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը: «Այսօր կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը», -ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը:
Կողմերը ևս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:

Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:

Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները: Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Այդ համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:




Լրահոս