Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մրցույթով հաղթող ճանաչված «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից շարունակվում է աշխատանքը թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ:
Քաղաքապետը, անբավարար գնահատելով տարվող աշխատանքները, հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել և վերանայել համապատասխան կազմակերպության ու հանձնաժողովի աշխատանքը:
«Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիների քանակն էապես չի նվազում: Այս ուղղությամբ մեծ փոփոխություն եմ ակնկալում: Եղեք շատ խիստ, հետևողական ու բացթողումների մասին անմիջապես բարձրաձայնեք: Եվ քանի որ այժմ մենք 2015 թվականի բյուջեն ենք քննարկում, ներկայացրեք հանձնաժողովի նոր կազմի առաջարկություն, որում ներգրաված լինեն նաև Երևանի ավագանու անդամները, իսկ գնումների գործընթացում ներգրավեք նաև համապատասխան հասարակական կազմակերպություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: