Armenian text to speach

597 շենքի թեք տանիք արդեն վերանորոգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով ընթացող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են, ընդ որում՝ թվով 37 շենքերում դրանք հիմնանորոգվել են:

Զեկուցվել է, որ շարունակվում է փողոցների, մայթերի ու այգիների սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու հատուկ ուշադրություն դարձնել հասարակական ու արտադրական օբյեկտների տնտեսվարողների կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու նկատմամբ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը: Հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել փողոցները, մայթերն ու այգի-պուրակները տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով կուտակված տերևների այրման դեպքերը:

Անդրադառնալով հանգստյան օրերին Կարմիր բլուր 5 հասցեում բնակիչների միջամտության հետևանքով գրանցված կոյուղատար համակարգի խցանման վթարավերականգնման աշխատանքներին՝ զեկուցվել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, արագ արձագանքելով խնդրին, տեղում կատարել են ուսումնասիրություններ և ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Շնորհակալ եմ ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որ արագ արձագանքել են: Վարչական շրջանի ղեկավարը՝ աշխատակազմի պատասխանատուների հետ, ինչպես նաև «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներն ու քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետն՝ իր աշխատակիցների հետ, ոչ աշխատանքային օրով օպերատիվ արձագանքել են և տեղում անմիջապես ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր՝ լուծումներ տվել: Մեզ համար կարևոր է, որ երևանցիները համոզված և վստահ լինեն, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, գիշերվա ցանկացած ժամի, անգամ լուսադեմին քաղաքապետարանի բոլոր ծառայություններն իրենց կողքին են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս