Ինչպիսի՞ն էին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչո՞վ տարբերվեցին նախորդներից ու արդարացա՞ն արդյոք քաղաքական ուժերի ակնկալիքները: Այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ընտրություններին մասնակցած քաղաքական որոշ ուժերի տեղի ներկայացուցիչների հետ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը, որը, ըստ երեւույթին, պատգամավորական մանդատի տեր չի դառնա (ՀՀԿ համամասնական ցուցակում նա զբաղեցնում է 112-րդ տեղը), կարծում է, որ մայիսի 6-ի ընտրություններն անցել են արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Ընտրությունների արդյունքներից քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների դժգոհությունները, ըստ հանրապետական գործչի, արդարացված չեն, իսկ արձանագրված խախտումներն էլ չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի բաժանման համատարած դեպքերին, ապա այս հարցում Սուքիաս Ավետիսյանն ուշագրավ տեսակետ ունի. «Ընտրակաշառքը կապ չունի ընտրական տեղամասի գործընթացների հետ: Ընտրակաշառք եղել է, նկարել են, թող պատասխան տան ընտրակաշառք տվողները, վերցնողները, որովհետեւ դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Թող ամեն մեկը պատասխան տա»:
Սակայն խնդիրն այն է, որ եթե, այնուամենայնիվ, հանրության ու միջազգային կառույցների առաջ դեմոկրատ երեւալու փորձեր անող իշխանությունների հրահանգով ոմանք կաշառք բաժանելու համար պատասխանատվության ենթարկվեն, նրանք հաստատ իշխանության շարքերից չեն լինի, ու լավագույն դեպքում մի քանի շարքային քաղաքացիներ կկանգնեն պատասխանատվության առաջ:
«Ընտրական գործընթացը նորմալ կազմակերպված եղել է միայն ընտրական տեղամասերում, բայց դա չի նշանակում, որ խախտումներ ու կեղծիքներ չեն եղել»,-կարծում է «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ այս անգամ ընտրակեղծիքներն ավելի էին կատարելագործվել, ինչն էլ նորմալ ընտրությունների պատրանք է ստեղծել. «Միջինը 9-10% ձայն ենք հավաքել, եթե ոչ ավել: Որոշ տեղամասերում շատ ավելի բարձր է: Բայց դա չի երեւում ԿԸՀ հրապարակած տվյալներից: Ես շատ դժգոհ եմ ընտրությունների արդյունքներից»:
ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանն արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է համարում: Ընտրությունները նա որակում է լավ կազմակերպված շոու եւ հավելում, որ վճռորոշ է եղել բաժանված ընտրակաշառքը. «Քաղաքի տարբեր հատվածներում ինտենսիվ ձեւով բաժանվել է ընտրակաշառք: Բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ՀԱԿ-ը, լուրջ հետեւություններ ունեն անելու այս ընտրություններից հետո»: Ընդդիմադիր գործիչը համամիտ է այն գնահատականների հետ, որ տեղամասերում ընդհանուր առմամբ նորմալ են ընթացել ընտրությունները, աղաղակող խախտումներ չեն եղել, ինչը հնարավորություն կտար ընդդիմադիրներին բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ ծանրակշիռ ապացույցներ ներկայացնել:
Գյումրի