Մայիսի 3-ին Բերդում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում, ցուցմունք է տվել Իջեւանի գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը, որը չի ընդունում իր մեղքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրված զորամասի հրամանատարի աշխատասենյակում մի քանի երիտասարդների ծեծի ենթարկելու համար: Իր մեղքը չի ընդունում նաեւ գործով հիմնական մեղադրյալ, Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին դեղորայք էին տարել այդ զորամասում ծառայող իրենց ընկերներից մեկի եղբորը: Նրանց հանդիպել էր զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում էր եղել: Կարապետյանը նրանց բերման էր ենթարկել իր աշխատասենյակ եւ ահաբեկել: Տղաները, փորձելով փախչել, ցատկել էին երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակիից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով, Իջեւանի Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել էր: Սույն գործով հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 17-ին:
Տավուշ