2012թ. Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը` «Հայակ»-ը, 20 տարվա լավագույն դերասանուհի ճանաչեց ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆԻՆ: Սակայն, ինչպես դերասանուհին է նշում, կոչումներով ավելի շատ ուրախանում են իր բարեկամներն ու հարազատները, իսկ իր համար էապես բան չի փոխվում:
-Կոչումը նշում է մարդկանց, ում համար դու այդ ամեն ինչն անում ես, սակայն կոչումները կարող են նաեւ վնասել: Ես գիտեմ մարդկանց, որոնք նպատակ են դրել՝ որտեղից որ հնարավոր է՝ ունենալ կոչումներ, շքանշաններ, ինչքան շատ, այնքան լավ, բայց շարժառիթը միայն դա ունենալն է, ինչը սխալ մղում է: Մենք մեր ներքին խոհանոցում գիտենք՝ այս մարդն իրոք մեծ կտավի գործեր անելու համար է, թե փոքր բաների: Գիտենք՝ սա աշխատունակ է, իսկ այս մյուսն ուղղակի փառքի է ձգտում: Մենք մեր մեջ շատ լավ գիտենք, թե ով ինչ շարժառիթով է աշխատում: Բայց կան մարդիկ մեր ասպարեզում, որոնք իրոք նվիրյալներ են: Կապ չունի՝ մեծ, թե փոքր դեր կստանան, կոչում կունենան, թե ոչ, իրենք իրենց ամբողջ կարողությամբ կանեն ամեն ինչ:
2 տարի խոսակցություն կար ինձ վաստակավոր արտիստի կոչում տալու համար, ես երկար ժամանակ հրաժարվում էի, ոչ թե համեստություն էի անում, ուղղակի համարում էի, որ դա առանձնապես առավելություն չի տալիս: Գուցե իմ մտերիմները, ժողովուրդը դրանից ուրախանա, բայց անձամբ մարդու արժանիքները ոչնչով չեն ավելանում: Հիմա ավելի շատ աշխատելու ու ներդնելու ժամանակ է:
-Նվիրյալների շարքում կարելի է ընդգրկել Ձեզ եւ Ձեր ամուսնուն` Արմեն Էլբակյանին: Նույնիսկ դժվար ու ծանր պայմաններում շարունակում էիք թատրոնին նվիրված աշխատել, ինչպես նաեւ չէիք նկարահանվում սերիալներում: Ինչպե՞ս պատահեց, որ կոտրեցիք այդ կարծրատիպն ու Դուք էլ որոշեցիք նկարահանվել:
-Ես մի քանի անգամ խոսել եմ դրա մասին ու ասել, որ ոչ մի կոնկրետ նպատակ չկար` ո՛չ փողը, ո՛չ դերը: Այսքան տարի մենք աշխատում ենք մեր թատրոնում, անում ներկայացումներ փոքր քանակի հանդիսատեսի համար: Հիմա մենք կրկին խաղում ենք հանդիսատեսի համար, սակայն արդեն ավելի մեծ լսարանի համար: Սերիալում նկարահանվելը համարում եմ շփում ժողովրդի հետ, սակայն հեռուստատեսության միջոցով: Ինչպես գիտենք, հեռուստատեսությունն այսօր հասարակության հետ շփման ավելի լայն զանգված է ներառում:
-Արձագանքներն ինչպիսի՞ն են:
-Չեմ ասում, որ մենք անում ենք շատ մեծ բաներ, բայց հավատացե՛ք, արձագանքները միայն դրական են: Մեր ներկայությամբ միգուցե չնչին, բայց ինչ-որ բան փոխվում է, թեկուզ լեզվի, մտածողության առումով:
-Այսինքն՝ կապ չունի՞, թե որտեղ ես գործ անում` բեմի վրա, թե սերիալում, կարեւորը լավ գո՞րծ անես:
-Մեր մասնագիտությունը նման չէ, օրինակ, նկարչի մասնագիտությանը: Նա կարող է նկարել իր կտավն ու պահել, տարիներ հետո հայտնաբերեն, որ այդ նկարիչը այդպիսի կտավ է նկարել: Թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը ա՛յ հենց հիմա են, դրանք կենդանի են: Պետք է ասես հիմա` այս ժամանակի մեջ, վաղն արդեն ուշ կլինի: Այդ առումով կարեւոր էր նաեւ հեռուստատեսությամբ ինչ-որ բան անելը: Նոր ոլորտ էր, բոլորովին նման չէ թատրոնին ու իրական կինոյին, բայց այն կարեւոր տեղ է զբաղեցնում մարդկանց առօրյայում:
-Կա նաեւ կարծիք, որ նույնիսկ ամենալավ դերասանին սերիալը քայքայում է: Կոնվեյերի պես ամեն օր նկարահանում, նույն կերպարով մարդկանց աչքին ես երեւում, կարծես դառնում ես սովորական: Այդ տեսակ մտավախություն չկա՞:
-Ես դրա մասին չեմ մտածում: Մարդիկ ապրում են քեզանով, քո կյանքով, հետո դու կարող ես չլինել, ես դրանից չեմ վախենում, բայց էստեղ մի բացասական կողմ կա` մենք սովոր ենք բարձր գրականության հետ շփվելու, իսկ սերիալն ամենօրյա է, ինքը չի բավարարում գրականության այդ խորը լինելու փաստը: Հավատացե՛ք, կան էպիզոդներ, որտեղ դու կարող ես մտնել խորությունների մեջ: Իսկ սովորական դառնալու մտավախությունը նույնն է, թե ասես՝ իսկ ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում, հետո կդառնան իրար համար սովորական: Մարդն անհասկանալի, դեռ լրիվ չբացահայտված ու շատ խորը արարած է, ով ամեն օր նոր է, դու երբեք սովորական չես դառնում:
-Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, երբ պրոֆեսիոնալ դերասանների կողքին հայտնվում են սկսնակ, նույնիսկ թատերական կրթություն չունեցող, պարզապես գեղեցկադեմ երիտասարդներ: Արդյոք պահանջում եք, որ սկսնակները Ձեզ հետ նույն հրապարակում չլինեն:
-Իհարկե, գերհաճույք է խաղալ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր մարդկանց հետ, դա մի ուրիշ ստեղծագործական մթնոլորտ է: Բայց ես, շփվելով երիտասարդների եւ ուսանողների հետ, մի բան հասկացա, որ դա նաեւ կայացած դերասանների բնավորությունը թրծելու մի վայր է, երբ սկսնակ մի մարդուն կարողանում ես ներգրավել այդ մթնոլորտի մեջ, ու ինքը բացահայտվում է: Դու չես պակասում, բայց ինքն ավելանում է:
Գիտեմ մարդկանց, որ շատ են վիրավորվում, երբ իրենց հետ նկարահանվում են սկսնակները, ես բոլորովին չեմ վիրավորվում, այլ փորձում եմ այդ մարդու հետ լինել խաղընկեր, ի վերջո, դա խաղ է: Գիտեք, շատ մեծ ռեժիսորներ են փողոցից ընտրել մարդկանց ու շատ լավ արդյունքի հասել: Ամբիցիոզ դերասանից ավելի տգեղ բան չկա:
-Բայց չէ՞ որ սկսնակները Ձեր ժամանակն են խլում: Մի բան է կայացած դերասանի հետ նկարահանվելը, մեկ այլ բան` սկսնակի:
-Իսկ մի՞թե մարդկանց հետ շփվելուց ավելի կարեւոր բան կա: Իրար հետ շփվելու եւ միասին արարելու ընթացքում կարող է մի գեղեցիկ բան ծնվել: Կա՞ դրանից հրաշալի բան այս աշխարհում:
«ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ ՆԵՂՎՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ