Այսօր ԱԺ-ի նիստում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ մի քանի խնդրի և դրական համարեց ՄԻՊ-ի զեկույցը:
Նա բարձրաձայնեց տեսախցիկների ու արագաչափերի հետ կապված քաղաքացիների դժգոհության մասին, շեշտելով, որ ամեն վայրում տեսախցիկ տեղադրելն արդեն «մոդա է դարձել»: Մարգարյանը նաև նշեց, որ վերջերս Ազգային ժողովում նույնպես սկսել են ամեն քայլափոխի տեսախցիկներ տեղադրել:
«Պատկերացրե՛ք Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների վիճակը, որ յուրաքանյւոր տուալետի մոտ տեսախցիկ է դրված. տպավորություն է` կարծես թե հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է: Օրերս խորհրդարանում աշխատող մի կին մոտեցավ ինձ ու ասում է` պարո՛ն Մարգարյան, խնդրում եմ փրկե՛ք ինձ: Ասում է` մրսել հիվանդացել է, ու հաճախակի է մտել այդ «հատուկ ռազմավարական օբյեկտը»՝ բնական կարիքները հոգալու համար, ու դա հաշվառել են, մի քանի օր հետո նրան կանչել են ու ասել են` դու եկել ես աշխատելու համա՞ր, թե՞ այդ օբյեկտը հաճախակի մտնելու համար: Դա մեզ պատիվ չի բերում: Դե եկե՛ք արագաչափ էլ դնենք այդ զուգարաններում»,- ասաց նա:
Պատգամավորն առաջարկեց մի մեծ ու խոշոր տեսախցիկ էլ դնել ԱԺ-ի այն առանձնասենյակներում, որտեղ որոշ պատգամավորներ ունեն առանձին զուգարան: