«Անտեղի տեղը մեր որոշ գործընկերներ փորձեցին ՄԻՊ-ին ներկայացնել զոհի կարգավիճակով՝ մոռանալով, որ ՄԻՊ-ը պաշտպանված է մեր ընտրությամբ, և ես շատ լավ եմ ինձ զգում, որ անկախ մարմինները փորձում են իրենց միտքն ազատ արտահայտել»,-այսօր ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը:
Վերջինս համաձայնվեց, որ համաձայն այդ զեկույցի՝ բոլոր ոլորտներում էլ թերություններ կան, բայց այն, որ ՄԻՊ-ը բարձրաձայնում է այդ թերությունների մասին, փաստում է, որ նրա ինստիտուտը գնալով կայանում է:
«Պատգամավորը կարող է գնահատականներ տալ, քննադատել, բայց դատական վճիռ կայացնել, կարծում եմ՝ դա անտեղի է: Ով ինչ «դարդ ու ցավ» ուներ, փորձեց ներկայացնել, իբրև թե հասարակությունը կլսի դա, կհանգի ինչ-որ մտքի: Մենք այդ կարծիքին չենք, գնահատում ենք ՄԻՊ-ի ինստիտուտը. սա միակն է, որ անընդհատ պայքարի մեջ պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դրվագ պիտի զուտ ճշմարտության ձևով փոխանցվի նաև մեզ կամ հասարակությանը»,-ընդգծեց ԱԺ-ի նախագահը:
Գ. Սահակյանը շեշտեց, որ չի կարելի դատավորի դեր կատարել, կարելի է գնահատականներ հնչեցնել: Նրա խոսքով՝ ԱԺ-ի ամբիոնը դատավճիռների համար չէ նախատեսված, «իսկ նրանք, ովքեր անկոռեկտությունը, հերոսացման պրոցեսով գնալը համարում են գերակա, վարկաբեկում են պետությունը»:
«Քվեարկության կոճակները կկարմրեն: Սա միտինգ չէ, սա Ազգային ժողով է: Ասե՛ք, քննադատե՛ք, դա ներկայացրե՛ք կարծիքի տեսքով, ոչ թե փորձ արե՛ք դավադիր եղանակներով վարկաբեկել ամբողջ պետությանը, ժողովրդին», – եզրափակեց նա: